Միջազգային - ԱՄՆ ՌՕՈւ-ն դադարեցրել է B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները

ԱՄՆ ՌՕՈւ-ն դադարեցրել է B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները, հայտնում է CNN-ն: Պատճառը թռիչքների անվտանգության սպառնալիքն է՝ կապված արգելակման պարաշյուտային համակարգի աշխատանքի հետ:

Յուրաքանչյուր ռազմավարական ռմբակոծիչ պետք է տեխնիկական ստուգման ենթարկվի մինչեւ օդ բարձրանալը: ՌՕՈւ հրամանատարությունից նշել են, որ հիմա սպառազինության մեջ եղած այդ տեսակի բոլոր ռմբակոծիչները տեղակայված են ԱՄՆ-ում: Սրա հետ կապված թռիչքների դադարեցումը չի անդրադառնա արտասահմանում անցկացվող ռազմական գործողությունների վրա: Ավելի վաղ B-1B Lancer-ները կիրառվել են Սիրիայում կառավարական օբյեկտներին հարվածելու համար, որոնք, Վաշինգտոնի վարկածով, կապ ունեին քիմիական զենքի արտադրության ծրագրի հետ:

ԱՄՆ սպառազինության մեջ կա ընդամենը 61 B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչ: Դրանք B-52 Stratofortress-ի եւ B-2 Spirit-ի հետ կազմում են ԱՄՆ ավիացիայի հիմքը:

B-1B գերձայնային ռմբակոծիչները ամերիկյան սպառազինության մեջ են 1986 թվականից: Նախապես դրանք մշակվել են որպես միջուկային սպառազինություն կրող, որոնք ունակ էին բարձր արագությամբ հաղթահարել հակառակորդի ՀՕՊ-ը: Մեծ բարձրություններում այս ռմբակոծիչները կարող են զարգացնել 1300 կմ/ժամից ավելի արագություն: Սակայն Սառը պատերազմի ավարտից հետո սկսվեց B-1B-ի վերազինումը ոչ միջուկային հարվածային բեռնվածությամբ: Դրանից հետո դրանք լայնորեն կիրառվել են տեղային հակամարտություններում: Առաջին անգամ մարտական առաքելություն են իրականացրել 1998 թվականին Իրաքի ռմբակոծությունների ժամանակ: Ավելի ուշ կիրառվել են Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում:

B-1B ռմբակոծիչներն ակտիվորեն օգտագործվել են Կորեական թերակղզում զորավարժությունների ժամանակ, 2017 թվականին Վաշինգտոնի եւ Փհենյանի հարաբերությունների սրման ժամանակաշրջանում: Դանք Կորեայի ափեր են ուղղվել Գուամ կղզու ավիաբազայից:

2018 թվականի հունիսին ԱՄՆ ՌՕՈւ-ն արդեն ստիպված էր ժամանակավորապես դադարեցնել այս տեսակի օդանավերի թռիչքները: Տեխասում B-1B Lancer ռմբակոծիչի արտակարգ վայրէջքից հետո քննություն էր սկսվել, որը կատապուլտվող բազկաթոռի հետ կապված խնդիրներ էր հայտնաբերել: Օդաչուների համար վտանգ ներկայացնելու պատճառով բոլոր օդանավերը ստուգումներ էին անցել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ