Միջազգային - Գերմանիան վեց ամսով երկարացրել է Սաուդյան Արաբիային սպառազինության մատակարարման էմբարգոն

Չնայած Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի քննադատությանը՝ Գերմանիան վեց ամսով երկարացրել է Սաուդյան Արաբիային սպառազինության մատակարարման էմբարգոն։ Այս մասին ասել է դաշնային կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆեն Զայբերգը։ Մինչեւ սեպտեմբերի 30-ը Գերմանիան զենք չի մատակարարի Սաուդյան Արաբիային եւ չի թույլատրի ապագայում զենք մատակարարել, պարզաբանել է Զայբերգը, տեղեկացնում է DW-ն։

Էմբարգոն երկարացնելու որոշումն ընդունվել է Գերմանիայի Անվտանգության դաշնային խորհրդի կողմից, ոչ առանց տարաձայնությունների։ Մասնավորապես, էկոնոմիկայի նախարար Փեթեր Ալթմայերը կողմ է, որպեսզի էմբարգոն հանվի՝ հաշվի առնելով գերմանական ընկերությունների շահերը։

 

Rheinmetall ռազմարդյունաբերական կոնցեռնն, օրինակ, որը մասնակցում է Leopard տանկերի արտադրությանը, կառավարությանն սպառնում է բազմամիլիոնանոց հայցով, որովհետեւ չի կարողանում Սաուդյան Արաբիա ուղարկել արդեն վաճառված 120 բեռնատարները։

Բացի այդ, էմբարգոյի դեմ են նաեւ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան. Բեռլինի մորատորիումը տարածվում է ոչ միայն Գերմանիայում արտադրված սպառազինության, այլ նաեւ ցանկացած զրահատեխնիկայի վրա, որտեղ կան կոմպլեկտավորողներ։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի համատեղ արտադրության Eurofighter Typhoon-ը։ Դեռ մեկ տարի առաջ 48 նման մեքենա ձեռք բերելու մասին Լոնդոնի հետ պայմանավորվել էր թագավորության արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը, բայց գերմանական մորատորիումի պատճառով ցայժմ չի ստացել դրանք։

Սաուդյան Արաբիան դեռեւս 2018-ին  Ալժիրից հետո գերմանական զենքի երկրորդ ներմուծողն էր. 2018 թվականի ինն ամսում Գերմանիան Էր Ռիադ էր առաքել 416, 4 մլն եվրոյի սպառազինություն։ Հոկտեմբերին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղեկացրեց, որ Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիային այնքան ժամանակ, քանի դեռ Էր Ռիադը բացատրություն չի տա լրագրող Ջամալ Հաշագջիի «հրեշավոր» սպանության մասին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ