Միջազգային - Աֆղանստանը կախված կմնա միջազգային դոնորներից անգամ թալիբների հետ համաձայնությունից հետո

Աֆղանստանը կախված կմնա միջազգային դոնորներից եւ օտարերկրյա օգնությունից անգամ թալիբների հետ խաղաղության համաձայնությունից հետո։ Այս մասին ասվում է Վաշինգտոնի՝ Աֆղանստանի վերականգնման գծով գլխավոր տեսչի (SIGAR) հաշվետվությունում։

SIGAR-ի ղեկավար Ջոն Ֆ.Սոպկոն կոչ է արել քաղաքական գործիչներին «պլանավորել «հաջորդ օրը»՝ հայտարարելով, որ խաղաղության համաձայնագիրը չի կարող ինքնաբերաբար լուծել ճգնաժամերն Աֆղանստանում։ «Եթե խաղաղությունը հաստատվի, եթե այդ խաղաղությունը կայուն լինի, այն լրացուցիչ գին է ունենալու, որը կարող են թույլ տալ իրենց միայն արտաքին դոնորները»,- ասել է Սոպկոն։

Հաշվետվությունում նշվում է, որ մտահոգություն առաջացնող հիմնական խնդիրները ներառում են անկայունությունը, քաղաքացիական ոստիկանության պոտենցիալի թերզարգացածությունը, համատարած կոռուպցիան, թույլ տնտեսությունը, թմրանյութերի առեւտուրը, որը վերահսկում են թալիբները, եւ կանանց իրավունքների սպառնալիքները։

Վերջին ամիսներին Թրամփի վարչակազմը ակտիվացրել է Աֆղանստանում 17-ամյա պատերազմի կարգավորմանն ուղղված ջանքերը։ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Զալմայ Հալիլզադը խաղաղ բանակցությունների մի քանի ռաունդ է անցկացրել թալիբների հետ, ընդ որում՝ երկու կողմերն էլ վկայում են բանակցություններում առաջընթացի մասին։

Բայց, չնայած բանակցություններին, թալիբները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում աֆղանական ուժերի վրա եւ զավթել են իշխանությունը երկրի կեսից ավելիի նկատմամբ։ Նրանք նաեւ  հրաժարվում են ուղղակի խոսել Քաբուլում կառավարության հետ՝ այն համարելով ԱՄՆ խամաճիկը։

Եթե խաղաղության համաձայնություն կնքվի, եւս մեկ խնդիր կլինի Թալիբանի 60 հազար զինյալների ու նրանց ընտանիքների վերինտեգրումը աֆղանական հասարակությունում, նշում է SIGAR-ը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ