Քաղաքական - ԱԱԾ-ն հերքում է «Ժամանակ» օրաթերթում Արթուր Վանեցյանի մասին հրապարակված լուրը

«Ժամանակ» թերթում և 1in.am կայքում «Փայ կմտնի» վերնագրով «լուր» է տպագրվել, որն ապատեղեկատվություն է, չունի իրականության հետ որևէ կապ, և պարունակում է զրպարտչական բնույթի «տեղեկատվություն»։ Այս մասին ասված է ԱԱԾ հայտարարության մեջ:

 

Ստորև ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ.

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»: Միաժամանակ, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը»:

Սույնով կտրականապես հերքում եմ այդ հոդվածում հրամցվածն այն մասով, որն առնչվում է ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա․ Վանեցյանին և, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ կետի համաձայն, պահանջում եմ հրապարակել հերքումը: Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ նշված տեղեկությունները սահմանված կարգով չհերքելու դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու ենք իրավունքի պաշտպանության այլ միջոցների։

Ավելացնեմ նաև, որ մենք բաց ենք մամուլի հետ աշխատանքում և ՀՀ ԱԱԾ գործունեության հետ որևէ կերպ առնչվող ցանկացած նյութ հրապարակելիս՝ ամբողջական պատկեր ունենալու համար, միշտ կարող եք ճշտել նաև կառույցի պաշտոնական կարծիքն ու դիրքորոշումն այդ հարցում:

 

Հարգանքով`

ՀՀ ազգային անվտանգության

ծառայության տնօրենի օգնական Վ. Բոյաջյան»:

«Ժամանակ» թերթը, նշենք, գրել էր. « Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում «Մոդուս Գրանում Հոլդինգում». այս ընկերությանն է պատկանում Արմաշի ալրաղաց կոմբինատը, քարի և պեռլիտի վերամշակման գործարաններ: Ոստիկանությանը զուգահեռ՝ ընկերությունում ստուգումներ է իրականացնում նաև ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը:

Մեր տեղեկություններով՝ այդ ստուգումների և ըստ էության՝ հետապնդման հետևում կանգնած է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Պատմական փորձը հուշում է, որ նման բռնաճնշումների նպատակը մեկն է՝ ուրիշի ունեցվածքին տիրանալը բիզնեսի մեջ փայ մտնելու ձևով»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ