Միջազգային - Արգենտինայի նախկին նախագահ Մենեմին դատապարտել են 45 ամսվա բանտարկության

Բուենոս Այրեսի դատարանը 88-ամյա սենատոր եւ երկրի նախկին նախագահ (1989-1999 թվականներին) Կառլոս Մենեմին դատապարտել է բանտարկության։

Դատարանը նախկին նախագահին երեք տարի ինն ամիս է տվել պետությանը պատկանող սեփականության վաճառքի համար, տեղեկացրել է Todo Noticias-ը։

3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել նաեւ Արգենտինայի էկոնոմիկայի նախկին նախարար Դոմինգո Կավալյոն։ Դատարանն արգելել է նախկին նախարարին եւ նախկին նախագահին պետական պաշտոններ զբաղեցնել մինչեւ կյանքի վերջը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Համաձայն դատարանի որոշման՝ Մենեմի կառավարությունը 1991-ին վաճառել է La Rural ցուցասրահը 30 մլն ամերիկյան դոլարով։ Ընդ որում՝ դրա շուկայական արժեքը 131 մլն դոլարից պակաս չէր։ Այսպիսով, պետությանը հասցված վնասը գերազանցել է 100 մլն դոլարը։

Մեղադրյալի փաստաբանները մտադիր են բողոքարկել դատավճիռը։

Հաղորդման մեջ ասվում է, որ գործով անցնող եւս երկու մարդ՝ Մաթիաս Օրդոնիեսը եւ Գասթոն Ֆիգերոան, ստացել են երեքական տարվա ազատազրկում պայմանական։ Մյուսները արդարացվել են։

2018 թվականին դաշնային Վճռաբեկ քրեական դատարանի պալատը հաստատել է եւս մեկ դատավճիռ Մենեմի ու Դոմինգո Կավալյոյի հանդեպ։ Այն ժամանակ նախկին պաշտոնյաներին նշանակել են 4,5 եւ 3,5 տարվա ազատազրկում համապատասխանաբար, հավելավճարների խարդախությունների հետ կապված։

2013-ին նախկին նախագահ Կառլոս Մենեմը  դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման Խորվաթիային եւ Էկվադորին 1991-1995 թվականներին ապօրինի զենք հանձնելու մեղադրանքով։ Այն ժամանակ այդ երկրները մարտական գործողություններ էին վարում։ Ընդ որում՝ պաշտոնապես զենքը նախատեսվել է Վենեսուելայի եւ Պանամայի համար։

Գերագույն դատարանը հաստատել է դատավճիռը, բայց ոչ նախկին նախագահին նշանակված պատիժը։ Այս առնչությամբ գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան։

2015-ին Մենեմը դատապարտվել է նաեւ 4,5 տարվա ազատազրկման վատնումների համար։ Գործի բողոքարկումը քննվում է վերադաս ատյանի կողմից։ Նախկին նախագահին ձերբակալությունից կփրկի խորհրդարանական անձեռնմխելիությունը (նա 2017-ի հոկտեմբերին վերընտրվել է սենատոր), տեղեկացնում է NEWSru.com.-ը https://www.newsru.com/

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ