Հասարակություն - Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ բողոքի քննությունը դռնփակ է ընթանում

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու որոշման դեմ բողոքի քննությունն ընթանում է դռնփակ։ Այսօր՝ մարտի 26-ին, նման որոշում կայացրեց Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը։

Դատարանը որոշումը պատճառաբանեց այն հիմքով, որ հետազոտվում են քննիչի կողմից ներկայացված նյութեր, որոնք նախաքննական գաղտնիք են պարունակում։ Նշենք, որ Հարությունյանի փաստաբանները համարում են, որ Հարությունյանի եւ գործով մյուս 3 մեղադրյալների վերաբերյալ գործը վերաբացվել է օրենքի խախտմամբ։ Պաշտպանները դատարանից խնդրում են պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել քրեական գործը վերաբացելու մասին որոշումը։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Նախկին նախարարն իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ