Քաղաքական - Անհրաժեշտ է, որ ԱԺ-ն Մարաղայի ցեղասպանության 27 տարվա առթիվ հատուկ հայտարարություն անի. Արման Աբովյան

Այսօր Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները եւ ողջ հայությունը գտնվում են շատ լուրջ տեղեկատվական պատերազմի մեջ, դա այսօր չէ, վաղուց է այդպես: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, օգտագործելով լկտի սուտը, փորձում են միշտ հիմնավորել այն քաղաքականությունը, հայի ատելության քաղաքականությունը, որը որդեգրել էին երկար տարիներ առաջ»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ ապրիլի 10-ին լրանում է Մարաղայի ցեղասպանության 27 տարին:

«Անհրաժեշտ եմ գտնում, որ այս հարցի շուրջ ԱԺ կողմից լինի հատուկ հայտարարություն, նաեւ որոշակի միջոցառումներ, որոնք թույլ կտան մեզ ոչ թե օգտագործել այս իրադարձությունների հիշատակը՝ որպես գործիք, ոչ մի դեպքում, այլ առաջին հերթին`թույլ կտան մեզ հիշեցնել, թե ում հետ մենք գործ ունենք, ում հետ ենք մենք այսօր բանակցում: Դրա հետ մեկտեղ դա կլինի եւս մեկ առիթ միջազգային հանրությանը ցույց տալ իրական դեմքը, պատկերը այն պետության, ում հետ մենք այսօր փորձում ենք հասնել որոշակի համաձայնությունների»,- ասաց Աբովյանը:

Պատգամավորը նշեց, որ պարզ է` հաճախակի հայկական կողմի բարի եւ արդարացի, մարդասիրական կեցվածքը ընկալվում է որպես թուլություն: «Մենք դրա մասին պետք է խոսենք, սակայն այս եւ նմանատիպ իրադարձությունների մասին պետք է բարձրաձայնել միշտ եւ բարձրաձայնել միջազգային բոլոր այն հաստատություններում, որտեղ մենք ներկայացված ենք: Այլ կերպ այլեւս հնարավոր չէ, որովհետեւ սուտը այսօր բոլոր հնարավորություններով տարածվում է թե՛ միջազգային մամուլով, թե՛ առհասարակ մասմեդիաներում»,- եզրափակեց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ