Մամուլ - Հայաստան – 2040. Ինչպես է նշվելու քաղաքացու օրը 21 տարի հետո. Հնչում է ՀՀ օրհներգը՝ «Դու մենակ չես»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Քաղաքացու օրվա առթիվ, ավանդույթի համաձայն, կազմակերպվել է զորահանդես եւ հպարտ քաղաքացիների շքերթ: «Դուխով» (նախկին Հանրապետության, նախկին Լենինի) հրապարակի բարձրաբեմում են կուսակցության եւ պետության ղեկավարները՝ նախագահ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Կարմիր բերետավորների զորախումբը հանդիսավոր քայլերթով բարձրաբեմի տակ է շպրտում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այրված խրտվիլակները եւ ՀՀԿ-ի դրոշները: Հնչում է Հայաստանի օրհներգը՝ «Դու մենակ չես»:

Ուսապարկի (նախկին Սպենդիարյանի) անվան օպերայի եւ բալետի թատրոնում կայացած հանդիսավոր նիստում վարչապետ Արայիկ Հարությունյանը խոսել է տնտեսական հաջողությունների մասին: Ըստ նրա, ՀՆԱ-ն աճել է 5,24 տոկոս: «Դա, իհարկե, լավ ցուցանիշ է, – նշել է վարչապետը, – բայց այն կարող էր ավելի լավը լիներ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» 22 տարի առաջ չստանար ծանր ժառանգություն, որի տնտեսական ծանր հետեւանքները զգացվում են առ այսօր»: 

Նախագահի նստավայրում պետական տոնի առթիվ տեղի է ունեցել 2018 թվականի հեղափոխության առավել ակտիվ մասնակիցների հերթական պարգեւատրումը: Արարողության մասնակիցներից մեկը, որն արդեն կրում է «ՀՀ վաստակավոր ակտիվիստուհի» բարձր պետական կոչումը, իր դժգոհությունը հայտնեց, թե ինչու է ստացել ոչ թե Երկրորդ կարգի, այլ Երրորդ կարգի «Հպարտ քաղաքացի» շքանշանը: Ըստ նրա, պատշաճ ձեւով հաշվի չի առնվել նրա հեղափոխական վաստակը:

Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչներ փակել էին միջպետական մայրուղին՝ բողոքելով ոռոգման ջրի գնի դեմ: Ճանապարհը բացելու նպատակով ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ: Մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունում են իրավապահների համաչափ եւ պրոֆեսիոնալ գործողությունները: «Միայն այդպես կարելի պայքարել նախկին ռեժիմի մնացուկների դեմ», – ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0:7 հաշվով սեփական դաշտում պարտվել է Անդորրայի հավաքականին: Բացատրելով այդ պարտությունը՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ պետ Դավիթ Սանասարյանը նշել է, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, հաշվի առնելով այն ավերածությունները, որոնք 22 տարի առաջ մեր ֆուտբոլում կատարել է Ռուբեն Հայրապետյանը:

ՀՀԿ նախագահ Արմեն Աշոտյանը Քաղաքացու օրվա առթիվ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որի վերնագիրն է «Սերժը ճիշտ էր, Նիկոլը՝ սխալ»: Գրառման տակ տեղադրվել է իշխանության կողմնակիցների ուղիղ 500 հազար հայհոյանք: Աշոտյանը հայտնել է, որ պատրաստվում է դիմել Գինեսի ռեկորդների գրքին՝ գրանցվելու համար»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ