Միջազգային - Պենտագոնը Թրամփին մեկ միլիարդ դոլար է հատկացրել պատի կառուցման համար

Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փաթրիկ Շանահանը թույլատրել է մեկ միլիարդ հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար։ Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Միջոցները կծախսվեն ԱՄՆ սահմանի հարավում 57 մղոն (մոտ 91 կիլոմետր) երկարությամբ պատ կառուցելու, Յումա (Արիզոնայի նահանգ) եւ Էլ Պասո (Տեխաս) քաղաքների ճանապարհները, լուսավորությունը բարելավելու նպատակով։

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, սա առաջին միլիարդ դոլարն է, որը տրամադրվում է Դոնալդ Թրամփին պատի կառուցման համար։

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր։ Նախագահի աշխատակազմում կարծում են, որ պատը կօգնի կասեցնել անլեգալ ներգաղթը եւ թմրանյութերի մաքսանենգությունը։

Պատն սկսել են կառուցել Բիլ Քլինթոնի օրոք, շարունակել 2006-ից հետո։ Այն ժամանակ Ջորջ Բուշ կրտսերը ստորագրել էր Secure Fence Act-ը։ Այսօր կառուցվել է 1078 կիլոմետր պարիսպ։ Թրամփը ցանկանում է կառուցել եւս 1600 կիլոմետր։

Սկզբում հանրապետականներին հաջողվեց պատի կառուցման համար մոտ վեց միլիարդ դոլար հատկացնելու մասին փաստաթուղթն անցկացնել, բայց օրինագիծը Սենատում մերժվեց։ Ներկայացուցիչների պալատում նույնպես ասացին, որ մտադիր չեն ֆինանսավորել պատի կառուցումը։

Այս դիմակայությունը 2018 թվականի վերջին հանգեցրեց պետհաստատությունների ֆինանսավորման մասնակի դադարեցմանը՝ շաթդաունին։

Փետրվարի կեսին Թրամփը արտակարգ իրադրության ռեժիմ մտցրեց սահմանին։ Այդպիսով նա կարող է ստանալ ավելի քան վեց միլիարդ դոլար առանց Կոնգրեսի հավանության, որն անհրաժեշտ է Սահմանադրությամբ։ Այս քայլն արդեն վիճարկել են դատարաններում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ