Ժամանց և շոու բիզնես - Telegram-ում կարելի է ջնջել սեփական եւ զրուցակիցների հետ գրագրությունը

Telegram-ի օգտատերերը հնարավորություն են ստացել ջնջելու անձնական գրագրությունը՝ անկախ հաղորդագրությունների վաղեմության ժամկետից։ Նորարարության մասին տեղեկացրել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովն իր Telegram-ալիքում, գրում է «Կոմերսանտը»։

Մինչ այդ Telegram-ում կարելի էր ջնջել միայն սեփական հաղորդագրությունները, որոնք ուղարկվել էին վերջին 48 ժամում։ Պարոն Դուրովը մտահոգություն էր հայտնել, թե որքան շատ հաղորդագրություններ են պահպանվում մեսենջերներում։ Առաջիկա տարիներին այդ տեղեկատվության ծավալը, նրա կարծիքով, «պարզապես կավելանա չորս անգամ»։ Ինչպես պարզաբանել է Telegram-ի հիմնադիրը, «հին հաղորդագրությունը, որի մասին արդեն մոռացել եք, կարող է կտրվել համատեքստից եւ օգտագործվել ձեր դեմ տասնամյակներ անց»։

«Այսօրվանից մենք Telegram-ի յուրաքանչյուր օգտատիրոջ թույլ ենք տալիս ջնջել ցանկացած հաղորդագրություն։ Կարեւոր չէ, թե ով է ուղարկել այն եւ երբ, այժմ դուք դրանց հանդեպ լիակատար հսկողություն ունեք։ Դուք կարող եք անգամ ջնջել երկու կողմի ամբողջ խոսակցությունը, եթե ցանկանում եք։ Եվ հետքեր էլ չեն մնա»,- ասել է Պավել Դուրովը։ Նա հավելել է, որ Telegram-ում արդեն կարելի է նաեւ ջնջել գաղտնի չաթերը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլից Telegram-ը արգելվել էր Մոսկվայի Տագանկայի դատարանի վճռով։ Ռոսկոմնադզորը սկսել էր սահմանափակել դրա հասանելիությունը, բայց մեսենջերին հաջողվում է շրջանցել արգելքը։ Փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովը հասուն չի համարել Telegram-ի արգելափակման տեխնիկական լուծումները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ