Միջազգային - Թրամփի չմտածված որոշումները Մերձավոր Արեւելքում ճգնաժամերի կհանգեցնեն. Իրան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չմտածված եւ անձնական որոշումները Մերձավոր Արեւելքի խնդրահարույց տարածաշրջանը կհանգեցնեն ճգնաժամերի հերթագայության։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը Գոլանի բարձունքների մասին, տեղեկացնում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ Իսրայելը չունի ինքնիշխանություն արաբական եւ իսլամական հողերի հանդեպ, եւ նրա ագրեսիան ու օկուպացիան պետք է անհապաղ դադարեցվեն։ Նա հիշեցրել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերով Գոլանի բարձունքները սիրիական հողերի մի մասն են։ «Չկա այլ ելք, բացի օկուպացիային վերջ դնելուց»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։

Ղասեմին ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի զավթողական որոշումը Գոլանի հարցի վերաբերյալ չի փոխում Սիրիայի ինքնիշխանության բնույթը, եւ, բացի այդ, այն ակնհայտորեն ապացուցում է Միացյալ Նահանգների եւ սիոնիստական ռեժիմի փոխզիջումային քաղաքականության ձախողումը»։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի քաղաքականությունը «վտանգավոր» է ողջ աշխարհի եւ հատկապես Միջին Արեւելքի համար։ «Իրանը ուշադիր կհետեւի զարգացումներին եւ համապատասխան քաղաքականություն կորդեգրի՝ սիրիական կառավարության եւ այլ երկրների հետ համագործակցելով եւ խորհրդակցելով»,- ընդգծել է նա։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ։ «52 տարի հետո եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ, ինչը չափազանց կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,- գրել է նա Թվիթերում։

Գոլանի բարձունքները վիճելի տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկում է Իսրայելը, իսկ արեւելյան հատվածը՝ Սիրիան։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքներն իրենց տարածքի մաս են համարում։ 1944-1967 թվականներին Գոլանի բարձունքները մտնում էին սիրիական Կունեյրա նահանգի կազմի մեջ։ Արեւմտյան մասը (տարածքի երկու երրորդը) Իսրայելը զավթեց 1967 թվականի հունիսին, Վեցօրյա պատերազմի ժամանակ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ