Հասարակություն - Չենք կարող տրամադրել այնքան կայանատեղի, որքան աշխատող ունի Օպերային թատրոնը. Հայկ Մարության

Չենք կարող տրամադրել այնքան կայանատեղի, որքան աշխատող ունի Օպերային թատրոնը: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով  «Իմ քայլ» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանի հարցին, թե արդյոք Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում կպահպանվեն Օպերայի եւ բալետի թատրոնի աշխատակիցների համար գործող արտոնությունը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ դրա հետ կապված քննարկում է եղել եւ նաեւ նամակ են ստացել Օպերայի եւ բալետի թատրոնից.

«Համայնքն ամեն տարի իրենց տրամադրել է անվճար կայանտեղիներ եւ նրանք ցանկանում էին, որ ավելացնեինք: Կարծեմ` մենք ավելացման հետ համաձայն չենք: Մենք չենք կարող տրամադրել այնքան ավտոկայանատեղի, որքան այնտեղ աշխատող կա, իսկ փորձը ցույց է տալիս, որ շատ փոքր գումարներով մարդիկ ձեռք են բերում ավտոմեքենաներ, գրեթե ամեն մարդ ունի մեկ ավտոմեքենա: Անցած տարի մոտավորապես 75 հազար ավտոմեքենա է ներկրվել Հայաստան, այս տարի ավելի շատ է սպասվում: Դրանց կեսից ավելին մնում է Երեւանում: Այս պարագայում մենք, իհարկե, ինչ տրամադրում ենք, կշարունակենք, բայց ավելացում, կարծում եմ՝ չի լինելու»,-ասաց Մարությանը:

Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն էլ առաջարկեց ավտոկայանատեղին թողնել քաղաքապետարանի ենթակայության տակ եւ չտալ հավատարմագրային կառավարման. «Այն զարգացող բիզնես է եւ համոզված եմ, որ ճիշտ կառավարման դեպքում եկամտաբեր է լինելու Երեւանի համար»,-ասաց նա:

Մանրիկյանը նշեց, որ 20-30 միլիոն դրամի ներդրումներով կարելի էր իրականացնել, եւ եկամուտը պահել համայնքին, ինչին չհամաձայնեց հարցը ներկայացնող Տիգրան Սարգսյանը՝ նկատելով, որ ներդրումների չափը ավելին է լինելու:

Իր հերթին Հայկ Մարությանը նշեց, որ այնուամենայնիվ, ավտոկայանատեղիում տեղերը սահմանափակ են եւ գումարն անսպառ չէ: «Եթե սակագնին չենք կպնում, եւ եթե 5-8 տարի հետ սակագները բարձրանան, կարելի է ի գիտություն ընդունել, որ պայմանագրում կետ լինի, որ սակագնի բարձրացման հետ պայմանները կարող են փոխվել, որ քաղաքը չտուժի»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ