Քաղաքական - Մենք չենք հրարաժվում Ադրբեջանի հետ երկխոսությունից. Փաշինյան

Երկխոսության կայանալու համար պետք է, որպեսզի կողմերը պատրաստ լինեն լսել փաստարկները: Մարտի 19-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հարցին:

Մեկնաբանելով հարցն այն  մասին, թե որքան է Հայաստանը պատրաստ սպասել, վարչապետը նկատեց, որ սպասելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա: Դիվանագիտական գործընթացներում պետք է հետեւողականորեն աշխատել:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության անհրաժեշտության  վերաբերյալ իր հայտարարության մասին, Փաշինյանը հիշեցրեց, որ դա բոլորովին էլ նոր մոտեցում չէ՝ ոչ համանախագահների, ոչ ադրբեջանական կողմի համար:

Վարչապետը հիշեցրեց, որ գաղափարն առաջ է քաշել անցյալ տարվա մայիսին:

«Ուզում եմ մեկ կարեւոր հանգամանք արձանագրել՝ սա ոչ քմահաճույք է, ոչ էլ  պայման», - Փաշինյանը կրկեց նախկինում ասված պնդումը:

 Նրա խոսքով՝ պաշտոնական Երեւանը կշարունակի գործընկերների հետ քննարկումները եւ դա կանի փաստերի ոլորտում:

«Բանակցությունները էությունը միմյանց  լսելու մեջ է: Հայաստանն ամեն դեպքում ընդդիմախոսին  լսելու եւ հասկանլու ընդունակություն է դրսեւորել: Եվ մենք նույնն ենք ակնկալում:

Այնտեղ, որտեղ մեր գործընկերները մեր դիրքորոշումը չափազանց կոշտ են համարում, մենք կարող ենք մեղմացնել, բայց նույնն ակնկալում ենք նաեւ ընդդիմախոսներից, այլապես երկխոսություն չի ստացվի», - ընդգծեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Արցախի մասնկացության մասին խոսել է դեռ լինելով վարչապետի թեկնածու եւ ավելի ուշ արդեն Սանկտ Պետերբուրգում՝ վարչապետի կարգավիճակում:

«Սա մարտահրավեր չէ, այլ երկխոսության առաջարկ եւ երկխոսությունը նոր չի սկսվել: Այն, ըստ էության  սկսվել է Դուշանբեում, շարունակվել Սանկտ Պետերբուրգում եւ Դավոսում: Չգիտեմ, թե որտեղ կշարունակվի», - նշեց վարչապետը՝ հավելելով, որ երկխոսությունից հրաժարվելը անտրամաբանական  է:

 «Մենք չենք հրաժարվում երկխոսությունից եւ մտադիր ենք բանակցային սեղանին դնել փաստարկները եւ պատրաստ ենք լսել կոնտրփաստարկները: Արդյունավետ որոշումը պետք է այս տրամաբանության շրջանակում լինի», - նշեց Փաշինյանը:

Ի պատասխան Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում իր արտահայտած հայտնի սկզբունքների եւ տարրերի գնահատման անհրաժեշտության վերաբերյալ մտքի մասին հարցին՝ վարչապետը նշեց, թե անհրաժեշտ է հասկանալ՝ մենք դրանց ինչպես ենք վերաբերվում, եւ դրանք ինչ են նշանակում: Նրա խոսքով՝ կան փաստաթղթերի տեքստեր եւ դրանց տասնյակ մեկնաբանություններ, ընդ որում՝ դրանք կատարվում են պետական մակարդակով: Վարչապետն արձանագրեց, որ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները մեզ համար անընդունելի են: «Մենք, իհարկե, կարող ենք ներկայացնել մեր մեկնաբանությունները, սակայն էությունը հայտարարությունների փոխանակման մեջ չէ: Պրակտիկայում սա ի՞նչ է նշանակում: Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի իր մի մասը: Բայց կա նաեւ փաստաթղթերի մեկնաբանում, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն կամ Հայաստանի մասը: Եվ այլն: Քանի դեռ համաձայնեցված չէ հնարավոր քննարկումների շրջանակը, միմյանց չենք հասկանում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ հստակեցման անհրաժեշտությունը ի հայտ է եկել Ադրբեջանի նախագահների, համանախագահների եւ միջազգային այլ գործընկերների հետ քննարկումների ժամանակ: «Ամենատարբեր մեկնաբանություններ կան: Մի մասը հրապարակային է, իսկ մի մասը՝ ոչ: Որոշ միջազգային գործընկերներ, չեմ կարող նրանց անունները տալ, կարծում են, որ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Մյուսները հակառակն են ասում: Երրորդները՝ երրորդ բան եւ այլն: Ես ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Վարչապետ ընտրվելուց հետո ԱԳ նախարարի հետ հանդիպել ենք նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Խնդրել ենք մեզ հայտնել որոշ մանրամասներ: Եվ գործընթացը շարունակվում է»,- նշեց Փաշինյանը:

«Ես շատ հարցեր ունեմ, այդ թվում՝ պետությունների ղեկավարների հետ խոսում եմ գործընթացի առանձին դրվագների մեկնաբանությունների մասին: Ես պետք է հասկանամ, ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում: Յուրաքանչյուր խոսքը եւ յուրաքանչյուր փուլը: Սա քմահաճույք չէ, այլ անհրաժեշտություն: Այո՛, ես ահռելի տեղեկություններ եմ ստացել: Բայց դա առաջացնում է էլ ավելի ահռելի տեղեկություններ ստանալու անհրաժեշտություն: Գործընթացը բարդ է, բազմաթիվ նրբություններ ունի: Ալիեւը 10 տարուց ավելի գործընթացի մեջ է, համանախագահների համար սա աշխատանք է: Միակ նոր մարդը ես եմ, եւ բնականաբար, ինձ ամեն ինչ հետաքրքրում է: Շատ բան հստակ չէ: Բայց եթե բոլորի համար ամեն ինչ հստակ է, երկխոսության ի՞նչ կարիք կա: Այն անհրաժեշտ է ոչ հստակ հարցերի պարզաբանման համար: Կան մեծ թվով հակասական հարցեր: Ի՞նչ է տեղի ունեցել Կազանում: Վիեննայում: Քի-Ուեսթում: Եթե բոլորն ասեն՝ այնտեղ եղել է սա ու սա, ապա հարցեր էլ չէին լինի: Բայց որքան մասնակից կա, այնքան մեկնաբանություն, եւ հարցեր են առաջանում, որոնք պետք է հստակեցնել: Ես՝ որպես գործընթացի նոր մասնակից, պարտավոր եմ ունենալ հարցերի պատասխանները եւ գործընկերների համագործակցության հույս ունեմ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ