Միջազգային - 325 դոլարով eBay-ով վաճառվել է Աստվածաշունչ Թրամփի ինքնագրով

Աստվածաշունչը, որը երկու տարի առաջ ստորագրվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ԱՄՆ-ում վաճառվել է 325 դոլարով՝ eBay ինտերնետ աճուրդում։ Ինչպես տեղեկացրել է The Hill թերթը, Աստվածաշնչի հիմա արդեն նախկին տերը սկզբում նրա դիմաց 525 դոլար է պահանջել, բայց ստիպված է եղել սակարկությունների ընթացքում զիջել մի երկու հարյուր դոլար, քանի որ նախապես հայտարարված գնով գիրքը ձեռք բերել ցանկացողներ չեն եղել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Գրքի տիրոջ, որը ներկայացել է GraphwizardCollectibles կեղծանվամբ, խոսքով՝ Աստվածաշունչը նախագահը ստորագրել էր 2016 թվականի ընտրարշավում՝ երկրում շրջագայության ժամանակ։ Գիրքն ունի վկայական, որը հավաստում է Թրամփի ստորագրության իսկությունը։

Գրքի վաճառքի մասին նորությունը, ինչպես նշում է թերթը, ուշադրություն է գրավել այն պատճառով, որ անցած շաբաթ Օպելիկա քաղաք (Ալաբամա նահանգ) նախագահի այցելության ժամանակ նա ստորագրել է մի քանի Աստվածաշունչ տեղի բապտիստական եկեղեցու ծխականների համար։ Պարբերականն ակնարկել է, որ հիմա այդ գրքերի տերերը կարող են դրանք շահավետ վաճառել աճուրդում։

Թերթը նշել է, որ նշյալ Աստվածաշունչը նախագահի ինքնագրով առաջին առարկան չէ, որը հաջողվել է վաճառել ինտերնետ աճուրդով։ Ավելի վաղ գիրքը, որը Թրամփը ստորագրել էր ծնողների համար, վաճառվել էր այդ ինտերնետ հարթակում 25 հազար դոլարով։ Այդտեղ է վաճառվել նաեւ Թրամփի երդմնակալության մասին գրքույկը՝ 10 հազար դոլարով, որտեղ իրենց ինքնագրերն էին թողել նախագահն ու փոխնախագահ Մայքլ Փենսը։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ