Քաղաքական - Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. հնգօրյա ժողովում կքննարկվեն եկեղեցու վարչական, կազմակերպաիրավական հարցեր

Մարտի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթեցին նորոգ հանգուցյալ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի և Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ հոգելույս Տ. Համբարձում վարդապետ Քեշիշյանի հոգիների հանգստության համար:

Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը հայցեց, որպեսզի Տերն առաջնորդի ժողովականներին` արդյունավետ կերպով անցկացնելու ԳՀԽ հերթական ժողովը:

Հնգօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Եկեղեցու վարչական, կազմակերպաիրավական, կանոնական, կարգապահական, սոցիալական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր: Քննարկման առարկա կդառնան 2019 թ. որպես Ընտանիքի տարվա միջոցառումների, Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների ծրագրերը: Ժողովին կներկայացվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2018 թվականի գործունեության տեղեկագիրը:

Օրակարգում ընդգրկված են նաև Նվիրապետական Աթոռների հետ հարաբերություններին, թեմերին, հայրապետական պատվիրակություններին և հովվական առաքելությանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ