Քաղաքական - Նոր օրինագիծ. Սահմանվում են ՀՀ պետական մրցանակները, դրանք կշնորհի վարչապետը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագծի շուրջ հանրային քննարկման արդյունքները եւ լրամշակված նախագիծը:

Ըստ հիմնավորման` ներկայում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության 2018-ի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու եւ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձեւերը եւ դափնեկիրների վկայագրերի ձեւերը հաստատելու մասին» N 1557-Լ որոշմամբ:

 

Վերոնշյալ որոշումը, ըստ հիմնավորման, բավական ծավալուն է, բացի այդ, մի շարք հարցերի կարգավորումը դրված է Կառավարության վրա, այդ թվում՝ պետական մրցանակ շնորհելու մասին որոշում ընդունելը, ինչն անհարկի ծանրաբեռնում է Կառավարության գործունեությունը եւ աննպատակահարմար է:

Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ պետական մրցանակների կարեւորությունը՝ առավել քան անհրաժեշտ է դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորել օրենքով՝ միաժամանակ վարչապետին վերապահելով պետական մրցանակներ շնորհելու լիազորությունը:

Մինչդեռ, Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Վերոհիշյալը վկայում է «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագծով սահմանվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները, նախատեսվել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման եւ հանձնման կարգը, սահմանվել են պետական մրցանակների հավաստիքները, այդ թվում՝ դրամական պարգեւները եւ դրանց չափերը, նախատեսվել է այն հարցերի շրջանակը, որոնց կարգավորումը թողնվել է Կառավարությանը, կարգավորվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հետ կապված այլ հարաբերություններ:

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ