Քաղաքական - Ստեղծվել է մի իրավիճակ, որ Էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ ընդունելու պաշտոնատար անձանց հայտարարագրերը. Արտակ Զեյնալյան

Գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը, որով նախատեսվում էր սահմանադրական կարգավորումների համատեքստում ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում, սակայն մինչ օրս հանձնաժողովը չի կազմավորվել:

Ըստ նրա՝ միաժամանակ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի օրենքում՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման կարգավորումները գրեթե ամբողջությամբ պայմանավորել են հանձնաժողովի կազմավորմամբ: Օրենքով նաև սահմանվել էր, որ հայտարարագրմանն առնչվող գրեթե բոլոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2019 թ-ի հունվարի 1-ից, իսկ մինչև այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» 2011 թ-ի օրենքի համապատասխան դրույթները։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնաժողովը դեռևս չի կազմավորվել, և քանի որ հայտարարագրմանն առնչվող նորմերի ուժի մեջ մտնելը հիմնականում պայմանավորված էր տվյալ մարմնի ստեղծմամբ, փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որի արդյունքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ ընդունելու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերը: Ընդ որում, ստեղծված իրավիճակում հայտարարագրերի ներկայացման գործընթացի կասեցումը շատ լուրջ հետևանքներ կունենա, մասնավորապես, խախտումների դեպքում՝ օրենքով նախատեսված պատասխանատվության կիրառման տեսանկյունից»,- նշեց Արտակ Զեյնալյանը։

Ներկայացված նախագծով առաջարկվում է հայտարարագրման նոր կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսել 2020 թվականի հունվարի 1-ը: Իսկ այս ընթացքում, ըստ նախարարի, կշարունակեն գործել 2011 թ-ի օրենքի նորմերը։

Այսպիսով, նախագծով հստակեցվում է բարձրաստիճան անձանց ցանկը։ «Խնդրում եմ նախագիծը համարել անհետաձգելի և քննարկել ԱԺ առաջիկա նիստերի ընթացքում: Ըստ էության, սրանով փորձ է արվում լուծել իրավական հնարավոր վակումն ու բացը»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այդ պրոցեսը վեցերորդ գումարման ԱԺ-ն պետք է աներ: «Չարվեց, ըստ ամենայնի, քաղաքական իրադարձությունների պատճառով, լավ կլիներ, որ արված լիներ։ Նոր խորհրդարանն էլ չի հասցրել անդրադառնալ այս խնդրին»,- ասաց նա։

Բացի այդ, ըստ վարչապետի, խնդիր ունեն կողմնորոշվելու հետագա հակակոռուպցիոն ռազմավարության հարցում, քանի որ այս առաջարկվող տարբերակին ընդդիմությունն էլ էր կողմ քվեարկել, սակայն դրան կողմ քվեարկեցին, քանի որ հասկանում էին՝ այդ պահին ավելին անել հնարավոր չէ։

«Մենք պետք է կողնորոշվենք, թե ինչ հակակոռուպցիոն ռազմավարությամբ ենք գնալու առաջ։ Պետք է արձանագրենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում պետք է լիարժեք և լիաթոք իրականացվի: Մեր միակ մտավախությունը կարող է լինել այն, որ իշխանության կառույցների մեջ դիսբալանս չառաջանա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա առաջարկեց նախագիծն ընդգրկել մարտի 13 արտահերթ նիստում, քանի որ մինչև մարտի 30-ն է հայտարարագրերի ժամկետը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ