Մամուլ - Գազավորված ըմպելիքները կտրուկ կթանկանան. Ո՞ւմ հաշվին են փակելու բյուջեի ճեղքը

«168 ժամ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է կտրուկ ավելացնել գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը։ Դրանով ակնկալվում է սպառողների հաշվին փոխհատուցել բյուջեի այն ֆինանսական կորուստները, որոնք կառաջանան բարձր եկամուտներ ունեցողների համար եկամտային հարկի նվազեցման հետեւանքով։

Չնայած դեռ հարց է, այդպես կլինի՞, թե՞ ոչ։ Ակցիզային հարկի բարձրացումից բյուջեի մուտքերի ավելացումն այնքան էլ միանշանակ չէ։

Ոլորտում գործող ընկերություններն ահազանգում են, որ դա չի արդարացնի ակնկալիքները։ Ընդհակառակը` կունենա տնտեսական ու սոցիալական լուրջ հետեւանքներ։

Այդ հետեւանքներին դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ խոսենք մի երեւույթի մասին։

Ակնհայտ է, որ կառավարությունն առայժմ ոչ մի կերպ չի կարողանում գլուխ բերել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, չնայած վարչապետի հռչակած տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհին մեծ հույսերը են կապվում այս փաստաթղթի հետ։ Այն քննարկվում է արդեն շուրջ 9-10 ամիս, բայց այդպես էլ վերջնական տեսքի չի գալիս։ Ավելին, ինչքան երկար է ձգվում այս պրոցեսը, այնքան կառավարությունն ավելի ու ավելի է խճճում իրավիճակը։

Հաշվապահներին ու փաստաբաններին ավելացված արժեքի հարկով հարկելու անհաջող փորձերից հետո, հիմա էլ անցել են գազավորված ըմպելիքներ արտադրողներին։ Ոլորտում գործող ընկերությունները խուճապի մեջ են։ Նրանց կարծիքով՝ օրենսգրքի փոփոխություններով լուրջ վտանգներ են ստեղծվելու իրենց հետագա աշխատանքի համար։ Ու մինչ կառավարության պատասխանատուներն ակնկալում են հարկային բեռի ավելացման արդյունքում լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջե` ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչները խոսում են դրա հետեւանքով իրենց հետագա գործունեության հետ կապված առաջացող ռիսկերի մասին։

Խնդիրը նոր փոփոխությունների մեջ է, որն առաջարկում է կառավարությունը։ Եթե սկզբում նախատեսված էր ակցիզային հարկով հարկել միայն այն գազավորված ըմպելիքները, որոնց 100 գրամում պարունակվում էր 5 եւ ավելի գրամ շաքար, ապա այժմ որոշվել է դա տարածել գրեթե բոլորի վրա։ Բացառություն է արվել միայն հանքային ջրերի համար։

Այս քայլով կառավարությունը փորձել է լուծել զուտ ֆիսկալ խնդիր. մի կողմից՝ ընդլայնել է հարկման դաշտում ընդգրկվող ապրանքների ցանկը, մյուս կողմից` թեթեւացրել է հարկային մարմինի գործը։ Կարեւոր չէ, որ այդ ամենից տուժելու են արտադրողներն ու սպառողները։ Այդ խնդիրը կարծես այնքան էլ չի հուզում կառավարությանը։

Մինչդեռ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի ավելացումը նշանակում է, որ այդ ապրանքները նույնքան կտրուկ թանկանալու են։ Խոսքը գների շուրջ 30 տոկոս բարձրացման մասին է»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ