Մամուլ - Ինչ են խոսելու Փաշինյանն ու Ալիեւը, եթե ոչ այդ մասին. խաղ ժամանակի վրա

Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի դիրքորոշումը այս ամիսներին չի փոխվել, մենք ասել ենք, որ լինելու ենք իրավիճակին համարժեք եւ շարունակում ենք այդպես, երեկ խորհրդարանում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի հարցում Երեւանի դիրքորոշման կոշտացման մասին պատգամավորների հարցադրմանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երեւանն աշխատում է բանակցային՝ 1994 թվականի ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ, եւ միայն այդ դեպքում է հնարավոր խոսել կարգավորման արդյունավետ գործընթացի հնարավորության մասին: Խոսքը եռակողմ՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան բանակցային ձեւաչափի մասին է, որն ամրագրված է 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի Վեհաժողովից: Նոր ձեւաչափի մասին Փաշինյանը հայտարարել էր նաեւ Բրյուսելում, ինչը տվել էր որոշակի տարակույսների, կամ պարզապես նենգափոխումների առիթ, քանի որ ներկայացվել էր, թե խոսքը միջնորդական ձեւաչափի մասին է:

Փաստացի, Հայաստանի խորհրդարանում Փաշինյանն ազդարարեց, որ խնդիրը բանակցային ձեւաչափն է: Բաքուն հայտարարել է, թե չի լինի ձեւաչափի փոփոխություն: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հայտնել էր, որ Ալիեւի հետ առաջիկա հանդիպմանը խոսելու են նաեւ այդ մասին: Փաստորեն ստացվում է, որ այդ մասին խոսելն անիմաստ է, եթե Բաքուն մերժում է որեւէ այլ ձեւաչափ: Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման համաձայնության մասին օրեր առաջ հայտարարել էին համանախագահները: Արդյո՞ք ձեւաչափի շուրջ հրապարակային հայտարարությունները նշանակում են, որ հանդիպում կարող է եւ չլինել, կամ համանախագահները ունեն նախապատրաստական աշխատանքը երկարացնելու անհրաժեշտություն:

Մյուս կողմից, Փաշինյանը ասել էր, որ «նաեւ» դա է լինելու քննարկման հարց: Իսկ ուրիշ է՞լ ինչ են քննարկելու Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահ: Իրանում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցության մասին խոսել հնարավոր կլինի միայն Արցախի լիարժեք կողմ դառնալու պարագայում: Ահա, այս իրավիճակում առավել եւս հարց է դառնում, թե ուրիշ ինչի մասին են խոսելու երկու առաջին դեմքերը, եթե, փաստորեն, ձեւաչափի մասին խոսելուն Բաքուն պատրաստ չէ, իսկ բանակցություն լինել չի կարող, քանի դեռ չկա Արցախը՝ որպես ձեւաչափի մասնակից:

Մյուս կողմից, հարցադրումների առկայությամբ հանդերձ, բավականին նկատելի է, եւ շոշափելի ընդհանուր տրամաբանության երկու ասպեկտ: Մեկն այն է, որ այս գործընթացը որոշակի փոխզիջում է Բաքվին՝ ընդ որում նաեւ միջնորդների մակարդակով, Ալիեւի դեմքը ներքին կյանքում, հանրության առաջ փրկելու համար, եւ մյուսն այն, որ լայն իմաստով գործընթացը ներկայումս խաղ է ժամանակի վրա, եւ իրական հարցերը լուծվում են դրանից դուրս, այն տրամաբանության մեջ, թե կողմերից որն է առավել արդյունավետ օգտագործում այդ ժամանակը: Իսկ այստեղ արդեն չափման միավորներն ու գործոնները իսկապես բազմազան են՝ տնտեսությունից մինչեւ ներքին ու արտաքին քաղաքականություն: Այս տեսանկյունից, Հայաստանի անցնող ամիսների քաղաքական օրակարգը, այդ թվում՝ տնտեսական բաղադրիչով, նկատելիորեն հարուստ է:

Ընդ որում, այստեղ նկատելի է նաեւ այն, որ այդ օրակարգն առաջ է տարվում ոչ միայն վարչապետի եւ ԱԳ նախարարի մակարդակում, այլ նաեւ հանրապետության նախագահի: Տվյալ պարագայում արդեն առանցքային հարցը դառնում է ոչ թե այն, թե ինչ են խոսում Փաշինյանն ու Ալիեւը, այլ այն, թե Հայաստանի արտաքին քաղաքական վերջին երկու ամիսների առերեւույթ բավականին տպավորիչ օրակարգը ինչպիսի ժամանակացույցով եւ արդյունքներով է դրսեւորվելու, շոշափելի դառնալու Հայաստանի ներքին կյանքում»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ