Քաղաքական - Հուսով ենք, որ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին քաղաքական որոշում կընդունվի. Փաշինյան

Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են շատ հարցեր՝ սկսած Հայաստանում ժողովրդավարական փոխակերպումներից մինչեւ տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերներ: Հանդիպումից հետո լրագրողների առաջ ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանդիպման ընթացքում մենք ուրախ էինք ընդգծել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ առկա քաղաքական երկխոսության եւ համագործակցության բարձր մակարդակը», - ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը Բրյուսելի հետ գործընկերային հարաբերությունները ամրապնդելու գործում եւ հավելել, որ հանդիպման ընթացքում նրանք քննարկել են նաեւ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները:

«Մենք գնահատում ենք ընտրական գործընթացների հաջող կազմակերպման գործում Եվրամիության օգնությունը: Քաղաքական փոփոխությունները, ինչպես նաեւ ժողովրդավարական ընտրությունները ԵՄ-ին եւ Հայաստանին մոտեցրել են ընդհանուր արժեքներին»,- շեշտել է Փաշինյանը:

Նա բարձր է գնահատել Հայաստանի բարեփոխումների ծրագրին ցուցաբերված ԵՄ տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը, որը նախատեսում է պայքար կոռուպցիայի դեմ, մարդու իրավունքների պաշտպանություն եւ օրենքի գերակայության ամրապնդում:

«Մենք անդրադարձել ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի հարցին, որը երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարեւոր գործիք է: Մենք համաձայն ենք, որ համաձայնագրի արագ վավերացումն անհրաժեշտություն է»,- հավելել է Հայաստանի վարչապետը:

Դրանից բացի, քննարկվել է վիզային ռեժիմի ազատականացման հարցը, նշել է Փաշինյանը, ապա հավելել, որ Հայաստանի քաղաքացիներն անհամբերությամբ են սպասում մոտ ժամանակում ԵՄ անխոչընդոտ մուտք գործելու հնարավորությանը:

«Մենք հույս ունենք, որ քաղաքական որոշումը կընդունվի մոտ ժամանակներս»,-հավելել է նա:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային հարցերին, ապա Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունը:

«Հայաստանը հանձնառու է բացառապես հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հավելել է նա: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ