Քաղաքական - Զարգացնելու ենք ենթակառուցվածքները, ինչի համար մեզ անհրաժեշտ է ֆինանսական օժանդակություն ստանալ ԵՄ-ից. Փաշինյան

Հայաստանում տնտեսական փոփոխությունների հիմքում մարդկանց քաջալերելն է, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր կատարեն իրենց ապագան որոշելու ուղղությամբ: Այս մասին, նախօրեին, Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո ներկաների հարցերին պատասխանելիս նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, քաղաքական հեղափոխությունից հետո իրենք հորդորում եւ խրախուսում ենք մարդկանց, որպեսզի նրանք տնտեսական ակտիվ գործունեություն ծավալեն:

«Հեղափոխությունից առաջ մենք ունեինք մենաշնորհներ եւ օլիգարխիա, որոնք սահմանափակում էին տնտեսական գործունեության հնարավորությունները մեր երկրում: Հիմա մենք բացում ենք դաշտը՝ հավասար պայմաններ ստեղծելով բոլոր խաղացողների համար:

Կարեւոր է, որ մենք բարեփոխում ենք մեր հարկային օրենսդրությունը ի նպաստ փոքր եւ միջին բիզնեսի: Եվ մենք փորձելու ենք ստեղծել տնտեսական գործունեության նոր դաշտ՝ միկրոբիզնես, որտեղ մարդիկ ազատ կլինեն հարկերից: Մենք պատրաստվում ենք նաեւ կատարել օրենսդրական փոփոխություններ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով: Դրան զուգահեռ զարգացնելու ենք ենթակառուցվածքները, ինչի համար մեզ անհրաժեշտ է տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն ստանալ Եվրամիությունից:

Կրկին անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մենք պետք է էլ ավելի հզորացնենք ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում: Կցանկանայի հատուկ շեշտել, որ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն այլեւս անշրջելի են Հայաստանում, եւ նախկին կոռումպացված համակարգը չի կարող վերադառնալ», - եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ