Միջազգային - Հնդկաստանը չի ծրագրում ամերիկյան ապրանքների պատասխան սակագներ մտցնել

ԱՄՆ-ը որոշել է չեղարկել Հնդկաստանի հետ արտոնյալ առեւտրի ռեժիմը, իսկ Հնդկաստանը մտադիր չէ պատասխան սակագներ մտցնել ամերիկյան ապրանքների համար, տեղեկացնում է Ռոյթըր գործակալությունը՝ հղում կատարելով առեւտրի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա Անուպ Վադհավանին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Վադհավանի խոսքով՝ Հնդկաստանի՝ որպես ռեցիպիենտ երկրի կարգավիճակի չեղարկումը՝ սակագնային արտոնությունների համընդհանուր համակարգին համապատասխան, սահմանափակ ազդեցություն կգործի երկրի վրա։ Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը եւ Հնդկաստանն առեւտրային փաթեթի վրա աշխատել են ծագող խնդիրները լուծելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրես էր ուղարկել ծանուցում այն մասին, որ մտադիր է չեղարկել Հնդկաստանի հետ արտոնյալ առեւտրի ռեժիմը։ Նրա խոսքով՝ այդ քայլը նախաձեռնվել է, քանի որ ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի կառավարության միջեւ ակտիվ շփումից հետո Թրամփը որոշել է, որ Հնդկաստանը ԱՄՆ-ին երաշխիք չի տվել, որ ամերիկյան ընկերություններին հնդկական շուկա մուտքի հավասար ու խելամիտ իրավունք կտա։

Այս որոշումը կարող է լրջորեն ազդել ԱՄՆ հնդկական արտահանման վրա, մանավանդ որ Միացյալ Նահանգները հնդկական արտահանման գլխավոր ուղղությունն է, այդ երկրին բաժին է ընկնում հնդկական ամբողջ արտահանման 15 տոկոսը։ Դրանք առաջին հերթին դեղեր են եւ քիմիական արդյունաբերության այլ ապրանքներ, տեքստիլ եւ ալմաստներ (միասին՝ ԱՄՆ հնդկական արտահանման 55 տոկոսը)։

Մյուս կողմից՝ ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի վերլուծաբանների տվյալներով, ԱՄՆ-ը Հնդկաստանից ստանում է իր ներմուծման ընդամենը 2.0 տոկոսը (2017-ին հնդկական մատակարարումները ԱՄՆ կազմել են ավելի քան 44 միլիարդ դոլար)։

ԱՀԿ շրջանակում արտոնությունների համընդհանուր համակարգը ենթադրում է միակողմանի առեւտրային արտոնություններ զարգացող երկրների համար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ