Քաղաքական - Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը. Գևորգ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

«Արհմիությունների մասին» նախագծի նպատակն էր, որ Հայաստանում վերջապես ունենանք անկախ արհեստակցական միություններ, որը հետաքրքրում է ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին, այս մասին այսօր ՝ Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել «Արհմիությունների մասին» իր հեղինակած օրենքի նախագիծը օրակարգում ընդգրկելու մասին հարցին:

«Դա ոչ թե իմ ցանկությունն է, որը հետաքրքրում է քչերին, այլ մեր ցանկությունն է, որը հետաքրքրում է Հայաստանի հարյուր հազարավոր աշխատողների, ովքեր այսօր ստրկական վիճակում են գործատուի մոտ: Ու ի՞նչն է պատճառը, որ ԱԺ-ն այս էլ որերորդ անգամ չի ցանկանում ունենալ անկախ արհմիություն»,- նշեց Պետրոսյանը:

Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի պահվածքին՝ նշելով․ «Հանձնաժողովի նիստին գալ ուշացումով, չլսել իմ զեկույցը, որևէ բառ չարտասանել նախագծի վերաբերյալ, բայց դրսում ասել՝ նախագծի իմաստն աշխատողներին տոտալ վերահսկողության ներքո պահելն է: Ես ուսումնասիրել եմ պարոն Մկրտչյանի կենսագրությունը: Նա 26 տարեկան է, իսկ ես 23 տարի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դասավանդում եմ, 23 տարի զբաղվում եմ աշխատողների իրավունքների դատական պաշտպանությամբ: Ո՞նց եղավ, որ ես աշխատողների շահերը տոտալ վերահսկողության տակ դնելու նախագիծ հեղինակեցի»:

Ըստ պատգամավորի՝ անընդհատ շեշտվում է «սիրո, համերաշխության, հանդուրժողականության» մասին։

«Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը, նիստին կեսից մասնակցել, դուրս գալ, ապատեղեկատվություն տարածել: Ես Ձեզ հրավիրում եմ բանավեճի, Դուք ասում եք՝ ես իմ ասածն ասել եմ, սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը»,- նշեց Պետրոսյանը:

Նշենք, որ օրինագիծը ԱԺ նստաշրջանի օրակարգ չընդգրկվեց (36 կողմ, 53 դեմ, 3 ձեռնպահ)։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ