Միջազգային - Իլհամի մի զանգն ինձ կամ իմ զանգն իրեն՝ եւ բոլոր հարցերը լուծվում են. Լուկաշենկո

Երկրների ղեկավարների միջեւ անձնական հարաբերություններն ազդում են միջպետական կապերի  զարգացման վրա: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս մասին ասել է այսօր հասարակության եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչների, բելառուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցների  հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ադրբեջանական Trend գործակալության՝ Բելառուի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների զարգացման մասին հարցին, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

 «Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, քաղաքականությանը եւ միջազգային կազմակերպություններում միմյանց աջակցելու այլ հարցերին՝ մենք ոչ մի խնդիր չունենք: Իլհամի մի զանգն ինձ(Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ) կամ իմ մի զանգն իրեն՝ բոլոր հարցերը լուծվում են: Սա երկրների ղեկավարների միջեւ անձնական հարաբերությունների մասին հարցի վերաբերյալ եւ այն մասին,  թե ինչպես են դրանք ազդում միջպետական կապերի վրա», - ասել է պետության ղեկավարը: Նա պարզաբանել է, որ շատ միջոցառումներ, օրինակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դահուկ քշելը՝ ժամանակակից քաղաքականության մաս է:

«Առաջ նման բան չկար, հավանաբար նաեւ Խորհրդային Միությունում, ամենուր: Իսկ հիմա թրենդ է: Եվ դու պետք է հետեւես թրենդին», - նկատել է նախագահը:

 «Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, դրանք միշտ եւ ամենուրեք ազդում են միջպետական հարաբերությունների վրա», - ընդգծել է նա: Նա հավելել է, որ պետությունների ղեկավարնրի անձնական հարաբերությունները օգնել են ձեւավորել Բելառուի եւ Ադրբեջանի հարաբերությունները: Այդ հարաբերությունները հիմնված են Ադրբեջանի ներկայիս նախագահի հոր՝ Հեյդար Ալիեւի հետ Լուկաշենկոյի բարեկամական հարաբերությունների վրա:

«Երբ ես նրան հանդիպեցի, մեր միջեւ շատ լավ հարաբերություններ ձեւավորվեցին: Երբ նա մահացավ, նրա որդին՝ Իլհամը նախագահ դարձավ, այդ ընկերությունը շարունակվեց Իլհամի հետ: Եվ մենք բացարձակապես խնդիրներ չունենք:

Թեեւ նա ՎՈւԱՄ-ում էր (Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպություն), նա պարտավորություններ ուներ, երբ մեր դեմ պատժամիջոցներ մտցրին Եվրամիությունն ու Ամերիկան։ Նա ոչ մի տեղ չի լռել, պաշտպանել է Բելառուսը եւ աջակցել,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։- Ճիշտ այնպես, ինչպես վրացի Սաակաշվիլին։ Ձեզ դուր գալիս է, թե ոչ, բայց նա պարզապես պայքարում էր Բելառուսի համար՝ Եվրամիությունում, Ամերիկայում։ Բնավորության բերումով բոլորին վերահամոզում էր. դուք չգիտեք Բելառուսը, դուք չգիտեք Բելառուսի նախագահին, ինչո՞ւ եք նրանց վրա ճնշում գործադրում։ Ահա մեզ մոտ այսպիսի հարաբերություններ են դիվանագիտական, քաղաքական հարցերում»։ «Ինչ վերաբերում է տնտեսությանը, ափսոս, իհարկե, մենք չենք կարող նավթ գնել Ադրբեջանում՝ նման լոգիստիկա չկա, ասենք, ինչպես Ռուսաստանում, դա թանկ է։ Բայց Ադրբեջանը մեզ հետ առեւտուր անելու բան ունի։ Դա շատ հարուստ երկիր է։ Բայց այնպես է պատահել, որ Խորհրդային Միությունում Ադրբեջանը մի փոքր այնպես չի զարգացել տնտեսության իրական հատվածում, ինչպես Բելառուսը։ Ադրբեջանը մի բան էլ ավելիով միշտ տվել է այն, ինչ պետք է եղել ԽՍՀՄ-ին՝ նավթ։ Երբ միությունը փլուզվեց, երկիրը կանգնեց փաստի առջեւ. իսկ որտե՞ղ է իրական սեկտորը, մարդկանց կերակրել է պետք, հագցնել։ Իսկ այն չկա, որովհետեւ նավթայինն էին զարգացնում»,- բացատրել է երկրի նախագահը։

Հիմա Ադրբեջանն ընթանում է տնտեսության իրական սեկտորի զարգացման ճանապարհով։ «Եվ ահա սա է մեր գլխավոր խնդիրը հիմա. մենք ստեղծում ենք ձեզ մոտ (Ադրբեջանում) համատեղ արտադրություններ ավտոմեքենաշինության ոլորտում, օգնում ենք ձեզ նավթաքիմիայում, նավթավերամշակման գործում, այդ ամենը մենք Բելառուսում ունենք։ ՌՀԱ գծով մենք համագործակցում ենք, թեեւ մեզ քննադատում են մեր մերձավոր դաշնակիցները՝ Հայաստանը»,- հիշեցրել է նախագահը։ «Ինչ վերաբերում է մարդկանց հետ փոխհարաբերություններին, ես գիտեմ ադրբեջանցիների վերաբերմունքը բելառուսների հանդեպ. ավելի լավ պետք չէ։ Տա Աստված պահպանել նման հարաբերությունները։ Նրանք մեզ վերաբերվում են որպես եղբայրների»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա միեւնույն ժամանակ նշել է, որ հիմնական դավանանքների տարբերությունը չի խանգարում։ «Դա առհասարակ քրիստոնեական եւ մուսուլմանական պետությունների հարաբերությունների նմուշ է։ Ես համոզված եմ, որ դա նմուշ է։ Թեեւ մենք Տաջիկստանի հետ էլ փայլուն հարաբերություններ ունենք։ Եվ ընդհանրապես, իմ բախտը բերել է՝ մուսուլմանները թե՛ ինձ, թե՛ Բելառուսին ամբողջ աշխարհում վերաբերվում են որպես շատ-շատ մոտ մարդու, հաճախ օգնում են»,- ասել է Բելառուսի նախագահը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ