Քաղաքական - Արարատ Միրզոյանը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-հունական բազմոլորտ համագործակցության օրակարգը

Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:

ԱԺ-ից  հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բազմադարյա պատմական կապերը, հոգեւոր եւ մշակութային առնչությունները: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը պատրաստակամ է առավել խորացնելու եւ ամրապնդելու ձեւավորված ավանդական հարաբերությունները:

Օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է 2014 թ. սեպտեմբերին Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը նշել է նաեւ, որ 2015 թ. մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:

Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, կարեւորել է Հայաստանում սահմանադրական նորմերին համահունչ անցկացված խորհրդարանական ընտրությունները:

Դեսպանը, խոսելով երկու ժողովուրդների բարիդրացիական ամուր կապերի մասին, համատեղ ծրագրերը շարունակելու եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ կողմերն ընդգծել են բարեկամական խմբերի, ինչպես նաեւ այլ ձեւաչափերով ակտիվ շփումների ու փոխայցերի անհրաժեշտությունը, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-հունական բազմոլորտ համագործակցության օրակարգը, կարեւորել մասնավորապես առեւտրատնտեսական կապերի խթանումը՝ ընդգծելով, որ երկկողմ փոխգործակցության զարգացման ու խորացման դեռեւս չիրացված մեծ ներուժ կա: Դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է հույն գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար:

Խոսելով իրականացվող մշակութային եւ կրթական համատեղ ծրագրերից՝ Արարատ Միրզոյանն արժեւորել է հունական կառավարության կողմից տարիներ շարունակ ռազմական եւ քաղաքացիական կրթության ոլորտում ցուցաբերվող աջակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափով համագործակցության, Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացներին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ