Միջազգային - Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումն ավարտվեց ընթրիքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հանոյում կարճատեւ անձնական հանդիպումից հետո անցել են ընթրիքի, տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով CBS ամերիկյան հեռուստաալիքին։

Ընթրիքին ներկա էին նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Միք Մալվեյնին։

CBS-ի թղթակցի խոսքով՝ Թրամփն, ըստ երեւույթին, լավ տրամադրություն է ունեցել եւ հարցրել է լրագրողներին. «Բոլո՞րն են լավ ժամանակ անցկացնում»։

Նախագահն ասել է լրագրողներին, որ ընթրիքը երկար չի տեւի, որովհետեւ ինքը եւ Կիմ Չեն Ընը «վաղը ծանրաբեռնված օր են ունենալու»։

Միեւնույն ժամանակ, նախագահը հույս է հայտնել, որ բանակցություններն ի վերջո կհանգեցնեն «հրաշալի իրավիճակի»։ Նա նորից իր հարաբերությունները Կիմ Չեն Ընի հետ բնութագրել է որպես «շատ յուրահատուկ»։ «Վաղը կտեսնվենք»,- հավելել է Թրամփը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չորեքշաբթի սկսել են երկօրյա հանդիպումը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում։ Սա ԱՄՆ-Հյուսիսային Կորեա երկրորդ գագաթաժողովն է, որը կոչված է նոր ազդակ հաղորդելու Սինգապուրում անցած տարվա հունիսին նրանց առաջին հանդիպման արդյունքներին՝ Կորեական թերակղզու միջուկազերծման եւ երկկողմ հարաբերությունների կարգավորման բնագավառներում։

Գագաթաժողովի առաջին օրվա համար նախատեսված էին Թրամփի եւ Կիմ Չեն Ընի կարճատեւ հանդիպումը «դեմառդեմ» ձեւաչափով եւ ճաշ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ