Միջազգային - Վենետիկում վճարելու են քաղաքի պատմական կենտրոն մուտքի համար

Վենետիկի կոմունալ խորհուրդը երեքշաբթի օրվա երեկոյան նիստում հավանություն է տվել մայիսի 1-ից քաղաքի պատմական կենտրոն մուտքի վճար մտցնելու որոշմանը, ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել է խորհրդի անդամ Ջովանի Ջուստոն։

Վենետիկ (որը մտնում է ՅՈւՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ) մուտքի վճար մտցնելը տեղի իշխանությունների հերթական փորձն է՝ սահմանափակելու հսկայական զբոսաշրջային հոսքը, որն ամեն տարի հեղեղում է քաղաքը։ 2018 թվականի ապրիլին Վենետիկում, քաղաքապետ Լուիջի Բրունյարոյի կարգադրությամբ, առաջին անգամ մտցվեցին զբոսաշրջիկների հոսքը կարգավորող «ծայրահեղ միջոցներ»՝ քաղաքի մատույցներում հատուկ պտուտադռնակներ տեղադրելու միջոցով։

«Այս միջոցը նպատակ ուներ խրախուսել քաղաքակիրթ զբոսաշրջության զարգացումը մեր քաղաքում։ Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ մենք սա ընդունել ենք փորձնական կարգով։ Մայիսի 1-ին մուտքի վճարը կմտցվի, իսկ հետո առնվազն մեկ տարվա ընթացքում ուշադիր կհետեւենք այս փորձարկման արդյունքներին։ Եթե այն ապացուցի այս միջոցի արդյունավետությունը, մենք առաջ կանցնենք եւ կմտցնենք տարբերակված վճար»,- ասել է Ջուստոն։

Խորհրդականը հիշեցրել է, որ  այս արտասովոր վճարը մտցնելու հնարավորությունը նախատեսված էր դեռեւս դեկտեմբերին, Իտալիայի խորհրդարանի կողմից 2019 թվականի պետբյուջեի կառավարական օրինագիծն ընդունելու ժամանակ։ Նրա խոսքով՝ հավաքված միջոցները կօգտագործվեն Վենետիկն ըստ արժանվույն խնամելու, մասնավորապես՝ հսկայական աղբակույտերը մաքրելու համար, որոնք իրենց հետեւից թողնում են զբոսաշրջիկները։

Ջուստոն նշել է, որ սկզբում նախատեսվում է «Միջերկրածովի մարգարիտը» տեսնել ցանկացող յուրաքանչյուրից վերցնել 3-ական եվրո։ Բայց եթե անգամ խոսքը տարբերակված հավաքի մասին է, այն ցանկացած պարագայում չպետք է գերազանցի յուրաքանչյուրի համար 10 եվրոն։ Նկատի ունեն այն, որ նոր «հարկը» կներառվի ավիա- եւ երկաթուղային տոմսերի մեջ, շրջագայությունների եւ հանրային տրանսպորտով (ներառյալ տաքսին) երթեւեկելու վճարներում։

Միեւնույն ժամանակ, մուտքի վճարից կազատվեն Վենետո մարզի բոլոր բնակիչները, ինչպես նաեւ Վենետիկում ծնվածները, ովքեր այս պահին ապրում են այլ վայրերում։ Բացի այդ, 50 տոկոս զեղչ կարվի այն զբոսաշրջիկների համար, ովքեր հանգստանում են Վենետոյի տարածքում։ Փաստաթուղթը նախատեսում է արտոնյալների 22 կարգ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ