Միջազգային - Թրամփը ժամանել է Հանոյ՝ հանդիպելու Կիմ Չեն Ընին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Air Force one հատուկ ինքնաթիռը երեքշաբթի վայրէջք է կատարել Վիետնամի գլխավոր միջազգային Նոյբայ օդանավակայանում։

ԱՄՆ նախագահն այժմ ուղեւորվում է հյուրանոց, սակայն պաշտոնապես Թրամփի գտնվելու վայրի մասին չի հայտարարվել։ Ինչպես տեղեկացրել են ՏԱՍՍ-ին մի շարք տեղեկատվական աղբյուրներ, ԱՄՆ նախագահը պետք է կանգ առնի JW Marriott հյուրանոցում, որը գտնվում է Վիետնամի մայրաքաղաքի Թիլիեմ գործարար շրջանում։ Հյուրանոցի մոտ ուժեղացված են անվտանգության միջոցները, ավելի վաղ տարածքը ստուգել են վիետնամական հատուկ ծառայությունների ականազերծողները եւ ԱՄՆ Հատուկ ծառայության կինոլոգները։

 

JW Marriott-ում է գտնվում Հանոյի հյուրանոցների ամենաթանկ նախագահական սենյակը՝ 320 մետրանոց լյուքսի արժեքը օրական մոտ 7 հազար դոլար է։ Հինգերորդ հարկում գտնվող նախագահական սենյակը՝ 501 համարի ներքո, բաղկացած է ութ սենյակից, ունի առանձին կահավորված խոհանոց եւ ճաշասենյակ՝ 10 անձի համար սեղանով։ Համարի դիզայնը կատարված է արդի ոճով՝ ավանդական վիետնամական նախշերի օգտագործմամբ, որոնք պատկերում են Վիշապի եւ Փերու սիրո լեգենդը, որոնք երկրպագվում են որպես վիետնամցի ժողովրդի նախածնողներ։

Երեքշաբթի ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը զրահագնացքով, Չինաստանի եւ Վիետնամի սահմանով  ժամանել է Դոնգդանգ կայարան (Վիետնամի հյուսիսային Լանգշոն նահանգ)։ Կայարանում նրան հանդիսավոր պայմաններում դիմավորել է տեղի ղեկավարությունը։ Կառամատույցում կառուցվել է հատուկ սանդուղք՝ կարմիր գորգով պատված, որի երկայնքով շարվել է պատվո պահակը։ Հյուսիսային Կորեայի նախագահը կանգ է առել Վիետնամի կենտրոնում, Melia Hanoi հյուրանոցում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ