Սպորտ - ՀԱՕԿ–ի գործկոմը հաստատել է ՀԲՖ–ի անդամակցության սառեցումը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 26-ին գործկոմի նիստ է անցկացրել եւ քվեարկությամբ հաստատել ՀԱՕԿ-ից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցության սառեցումը:

 

Նիստին ներկա են եղել ՀԱՕԿ գործկոմի անդամներն ու սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Գործկոմի նիստը վարել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

 

Օրակարգում գլխավոր հարցը ՀԱՕԿ-ին ՀԲՖ–ի անդամակցության սառեցան մասին որոշման քվեարկությունն էր:

 

Գործկոմի անդամների միաձայն քվեարկությամբ հաստատվել է որոշումը: Բացի այդ որոշվել է նախարարության կողմից վերանայել եւ կասեցնել ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը, իսկ հավաքականների ուսումնամարզական գործընթացի ֆինանսավորումը եւ մարզիչների աշխատավարձերը հատուցել ոչ թե պետական բյուջեից, այլ ՀԱՕԿ-ի փոխհատուցումով:

 

«Երբ մարդու ուղեղի կեղեւը հաստ է լինում եւ իր զորբայությունը առաջնային է համարում, ունենում ենք այն իրավիճակը, ինչ ունենք: Միջազգային ֆեդերացիան հստակ հայտարարել է, որ Հայաստանում ՀԲՖ նախագահի ընտրություններն անցկացվել են խախտումներով եւ պետք է տեղի ունենան նոր ընտրություններ: Բայց ֆեդերացիան իր զորբայությամբ անցկացնում է երիտասարդների Հայաստանի առաջնություն: Հաշվի առնելով, որ առաջնությանը մասնակցում են պատանիները եւ նախաօլիմպիական տարի լինելը, որոշեցինք չխոչընդոտել: Նախարարի հետ քննարկելուց հետո որոշեցինք ընդառաջել ֆեդերացիային եւ թույլ տալ՝ առաջնությունը պետական բյուջեով անցկացվի: Բայց սկսվեց տարանջատումը եւ կողմնապահությունը՝ դու իմ ֆեդերացիայից չես, մյուս ֆեդերացիայից ես... Մարզիկներին չթույլտարվեց մասնակցել առաջնությանը: Նախարարությունը ստացավ նամակ, որ Վ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սաներին ՀԲՖ-ն թույլ չի տվել մասնակցել Հայաստանի առաջնությանը: Նախարարությունն էլ դիմել է մեզ՝ խնդրով: Սա դատապարտելի է եւ խոսում է այն մասին, որ ֆեդերացիան շարունակում է անօրինական գործունեությունը:

 

Արթուր Գեւորգյանի գլխավորած ֆեդերացիան պետական բյուջեից սնվող կառույց է: Մենք պարտավոր ենք նախարարությանն ու հանրությանը տեղյակ պահել իրավիճակի մասին, որպեսզի հետագայում որեւէ խնդիրներ չառաջանան: Քանի որ այս պահին չկա ֆեդերացիա, չի լինի նաեւ պետական բյուջե: Սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին դիմում ենք առաջարկով՝ նախարարության համապատասխան վարչության միջոցով հանձն առնել բռնցքամարտիկների հավաքականների այս տարվա ուսումնամարզական հավաքների ծրագրերի իրականացումն՝ առանց պետական բյուջեի, իսկ հավաքների համար նախատեսված բոլոր ծախսերը կհոգա ՀԱՕԿ-ը, որպեսզի ուսումնամարզական պրոցեսը չտուժի: Մարզիկներն ու մարզիչները որեւէ կերպ չեն տուժի այս իրավիճակից, ՀԱՕԿ-ը նախարարությանը կփոխհատուցի բոլոր ծախսերը: Այս պահին ՀԱՕԿ-ը դեռեւս կասեցնում է ֆեդերացիայի անդամակցությունը, չի հեռացնում: Մինչեւ Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերը, հայկական բռնցքամարտում առաջացած այս խնդիրն իր վերջնական լուծումը կստանա եւ, խոստանում եմ, որ մեր բռնցքամարտիկները պատշաճ կերպով հանդես կգան Եվրոպական խաղերում»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

 

ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ «բռնցքամարտի ֆեդերացիան կախում չունի ՀԱՕԿ-ից, քանի որ ըստ իրենց կանոնադրության, ՀԱՕԿ-ը պարտավորվում է ճանաչել այն ֆեդերացիային, որին ճանաչում է միջազգային ֆեդերացիան»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ