Քաղաքական - ԱՄՀ-ն պատրաստ է սատարել Հայաստանի կառավարությանը

Մենք պատրաստ ենք սատարել Հայաստանի կառավարությանը։ Այս մասին փետրվարի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հուսեյն Սամիեին։

NEWS.am-ին կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում Փաշինյանը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ-ի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից են տարբեր ոլորտներում բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում, հարկային, արդարադատության, պետական կառավարման համակարգերում: Փաշինյանի խոսքերով, բարեփոխումները միտված են հարկային քաղաքականության պարզեցմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների խթանմանը, դատական համակարգի անկախության բարձրացմանը: Նա ասել է, որ կառավարության նպատակը տնտեսության ոլորտում կառուցվածքային փոփոխություններն են:

Իր հերթին Սամիեին հայտարարել է, թե համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Դրական գնահատելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ նա հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով և շահագրգռված է արդյունավետ ծրագրերի իրականացմամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ