Քաղաքական - Քաղաքացին պետք է հավատա ինքն իրեն, եւ ոչ թե որ կգան սուպերմեն քաղաքական գործիչներ․ Փաշինյանի ելույթը ՔՊ-ի համաժողովում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որպեսզի ձեւակերպի, թե ինչ է անելու ապագայում, նախ կարեւոր է, որ արձանագրի, թե ինչ է արել մինչեւ այսօր։ Այս մասին կուսակցության 4-րդ համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՔՊ-ի հիմնադրման հանգամանքներն ու գաղափարախոսությունը։

Նրա խոսքով՝  մինչեւ ՔՊ-ի ստեղծումը բոլոր քաղաքական պրոցեսները կառուցվում էին մի լիդերի շուրջ, ժողովուրդն էլ սպասում էր նրա իմաստուն որոշումներին։ Բայց քանի որ ընդդիմադիր շարժումները ձախողվում էին, ուրեմն, ըստ Փաշինյանի՝ ինչ-որ բան այնպես չէր արվում։ Եվ իրենք հանդես եկան նոր գաղափարախոսությամբ՝ հռչակելով, որ «ոչ թե լիդերն է փոփոխությունների առանցքային դերակատարը, այլ ամեն անհատ, ամեն քաղաքացի»։

Փաշինյանը ընթերցեց մի պարբերություն իրենց կուսակցության սկզբունքներից, որտեղ ըստ նրա կենտրոնացած է ամբողջ գաղափարախոսույթունը․ «Ահատի վերափոխումը հանրային վերափոխման կարեւոր միջոց է»։

Նա հայտարարեց՝ «այս գաղափարախոսությունն է, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին բերել հաղթանակի եւ այսօր դե յուրե եւ դե ֆակտո պիտի համարվի իշխող գաղափարախոսություն, որովհետեւ ստացել է քաղաքացիների վստահության քվեն»։

Փաշինյանը հիշեց նաեւ քննադատական արձագանքները, իրենց ծախվածության վերաբերյալ ներկայացվող ապացույցները։ Առաջին մեղադրանքն այն էր, որ «ահա, ծանոթացեք՝ իշխանական հերթական պրոյեկտին, քանի որ պատասխանատվությունը իշխանությունից վերցնում եմ եւ դնում քաղաքացու վրա»։

«Ես հիշում եմ 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքում մեր ունեցած խոսակցությունը հանրության հետ ՝ Հրազդանում, Վանաձորում եւ Գյումրիում, երբ մենք հանրությանը ուղիղ ասացինք՝ ժողովուրդ դուք եք քվեարկել էս իշխանություններին, դուք մեզ ասում եք՝ հեղափոխություն արեք, ու գնում եք քվեարկում իշխանության օգտին։ Մենք մարդկանց ասում էինք, եկեք իրար չխաբենք, ձեր կամքը ցույց տվեք, որ ուզում եք լինի փոփոխություն․ եւ մենք կլինենենք այդ երաշխավորը, որ փոփոխությունը տեղի ունենա»,- ասաց նա։

Ծախվածության երկրոդ ապացույցը «Արյունով եկածը արյունով կգնա» թեզն էր, որով իրենք  բացառում էին բռնությունը՝ որպես ներքաղաքական հարցերի լուծման գործիք․

«Ասում էին՝ ակնհայտ չէ, որ արյունով եկածը արյունով կգնա, սրանք ինչ են ասում, ասում են՝ ժողովուրդ ջան բռնությունից խուսափեք։ Հետեւաբար սրանք ծառայում են իշխանությանը, պատասխանատվությունից մաքրում են, դնում են քաղաքացու վրա,եւ քաղաքացուն կոչ են անում, որ չգնա, տա պայթեցնի, սպանի, կրակի։ Հետեւաբար 2 խնդիր կար, երկուսով էլ իշխանությանը մաքրում են, հետեաբար սա իշխանական պրոյեկտ է»,- իրենց քննադատներին մեջբերելով՝ ասաց Փաշինայնը։

Նա հիշեց նաեւ կուսակցության ներսում ծագած կասկածների, կուսակիցների մեղադրանքների մասին․ «Եւ էս ողջ ընթացքում մեզ ուղեկցել են մեղադրանքները, կասկածները։ Մեր կուսակցությունում եղել են նույնիսկ շատ զավեշտալի դեպքեր։ ֆեյսբուքում գրել էին՝ մենք իշխանության պրոյեկտն ենք, մարդիկ էին լինում, որ էդ գրառումից խռովում գնում էին՝ մտածելով, որ մենք իշխանության պրոյեկտն ենք, մարդիկ էլ կային, որ ոգեւորված գալիս էին, ասում էին՝ էս ինչ լավա, էս երեւի լավ իշխանական պրոյեկտ ա։ Դեպքեր են եղել, երբ մարդիկ կոնֆիդենցիալ հանդիպում են խնդրել, հարցրել են՝ բա հիմա մենք Սերժի պրոյեկտը չե՞նք, բա ինչի մեզ գործ-մործ չեն տալիս տարբեր միջանկյալ օղակներում, հետո իմանալով որ մենք պրոյեկտ չենք, հիասթափված ասել են՝ բան չի փոխվել էլի էս երկրում»։

Այնումենայնիվ, ըստ Փաշինյանի, իրենք սկզբունքային դիրքորոշումից ոչ մի միլիմետր չշեղվեցին եւ չնայած որ հեղափոխությունը սկսել էին «կուսակցության պատմական մինիմումի պայմաններում», այն ավարտին հասցրին մարդիկ, որոնք հավատացել էին հռչակած սկզբունքներին։ Եվ այսօր, Փաշինյանի խոսքով, տեղի է ունեցել մի շատ բացառիկ բան՝ ՔՊ-ի ծրագրի 70 տոկոսը կատարվել է «եւ մենք պետք է մտածենք հաջորդ քայլի համար»։

Փաշինյանը անդրադարձավ նաեւ այդ հաջորդ քայլերին․ «Մենք տանը նստած աղքատ եւ հուսահատ քաղաքացուն պետք է օգնենք հաղթահարելու հուսահատությունը։ Բայց մենք պետք է հասկանանք, որ էդ քաղաքացուն օգնելու ամենակարեւոր գործիքը օգնելն է հավատալու ինքն իրեն եւ իր անելիքին, եւ ոչ թե հավատա, որ հեսա կգան սուպերմեն քաղաքական գործիչներ եւ իր միջավայրում ամեն ինչ կփոխեն, այլ կգան քաղաքական գործիչներ եւ իշխանություն, որը կլիցքավորի իրեն ուժով, վստահությամբ եւ հավատով, եւ որ ինքը ընդամենը 3-րդ 4-րդ սորտի մարդ չէ, որից ոչ մի բան կախված չէ»։

Նա հայտարարեց, որ պետք է վստահություն ներշնչեն քաղաքացուն, որպեսզի նա ինքնուրույն գնա այդ փոփոխություններին․

«Էս ճանապարհին մենք պետք է լինենք վճռական, մենք տրակտորի եւ բուլդոզերի նման պետք է գնանք առաջ, որովհետեւ էն քաղաքացին, որ ինքն իրեն չի հավատում, մենք նրա հետ պետք է գործ ունենանք, եւ նրան ստիպենք, որ ինքն իրեն հավատա, իր ուժին հավատա, որովհետեւ մենք ասում ենք մի բան, որն ապացուցել ենք։ Մենք արել ենք մի բան, որը ՀՀ քաղաքացիների 99.9 տոկոսը համարում էր անհնար»։

Եվ ինչպես նախկինում՝ քաղաքական պայքարի ժամանակ, հիմա էլ քննադատվելով պետք է իրականացնեն տնտեսական հեղափոխությունը․ «Մենք ինչ ասել ենք, արել ենք․ 5 տարի թուքումուր ուտելով քաղաքական հեղափոխություն ենք արել, մենք էս ձեւով անելու ենք տնտեսական հեղափոխությունը»։

Սկսբունքը նույնն է՝ քաղաքացին, որ արեց քաղաքական հեղափոխություն, պետք է անի նաեւ տնտեսական հեղափոխություն․

«Մենք ՀՀ շարքային քաղաքացիներ ենք, եւ փաստն այն է, որ այսօր իշխանության է եկել ՀՀ շարքահին քաղաքացին․ ով որ այս փաստը չի գիտակցում, մենք նրան պետք է համարենք հակահեղափոխական եւ մեր գաղափարներով այդ սին գաղափարը ջախջախենք։ Ամեն մարդ, որ ՀՀ քաղաքացուն ուզում է ներշնչի, որ ինքը ոչինչ է, նա ինքն է ոչինչ, եւ նրան պետք է ոչնչացնենք իրենց օլիգարխական բներում, իրենց քթները էդ բներից չպիտի կարողանան հանել, որովհետեւ ՀՀ-ում որոշողը քաղաքացին է, ՀՀ-ում քաղաքական հեղափոխության ճակատագիրը որոշել է քաղաքացին եւ տնտեսական հեղափոխության ճակատագիրը նույնպես պետք է որոշի քաղաքացին»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նաեւ իրենց անելիքները ձեւակերպեց․ «Մենք պետք է հասկանանք, թե որտեղ է սկսվում չարդարացված ճոխությունը եւ որտեղ է սկսվում պետական արարողակարգային նշանակություն ունեցող նրբությունները․ սա շատ կարեւոր սահման է»․- նշեց նա՝ իրենց թիմի մեծագույն առաքելությունը համարելով քաղաքացիներին չհիասթափեցնելը եւ վստահություն ներշնչելը իրենց ուժերի նկատմամբ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ