Քաղաքական - Էջմիածնի քաղաքապետը ներողություն և փոխհատուցում է պահանջում

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը պատրաստվում է դիմել դատարան իր հասցեին սոցցանցում հնչած վիրավորանքների համար` ֆեյսբուքյան օգտատերից պահանջելով հրապարակային ներողություն և փոխհատուցում:

Դիանա Գասպարյանն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Մարտիրոսյանն իր անձնական էջում, ինչպես նաև մի շարք այլ էջերում պարբերաբար հանդես է գալիս ինձ ուղղված վիրավորական արտահայտություններով, որոնց երկար ժամանակ փորձել եմ ուշադրություն չդարձնել՝ ցուցաբերելով հանդուրժողականություն: Այնուամենայնիվ, քանի որ վիրավորանքներն անցել են բոլոր թույլատրելի սահմանները, հայտարարում եմ, որ այսուհետ յուրաքանչյուր վիրավորանքի և զրպարտության դեպքով հետամուտ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը՝ օգտագործելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր մեխանիզմները։

Այսպես, իմ կողմից գրություն էր ուղարկվել Կարինե Մարտիրոսյանին՝ առաջարկելով ներողություն խնդրել իր գրառումներից մեկում օգտագործված «անամոթ», «անլվա», «ստախոս» բառերի համար, որին ի պատասխան այդ կինը հանդես է եկել մեկ այլ՝ ավելի շատ վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ:

Այսպես, հայտնում եմ ձեզ, որ պատրաստվում եմ դիմել դատարան՝ իմ հասցեին հնչեցված «անլվա կենդանի», «կենդանաբնազդ Դիանիկ», «ամոթից զուրկ», «աներես անզգամ կենդանի», «գարշահոտ աղբ», «չկա աշխարհում այնպիսի լպրծուն սողուն, որը դու ես», «գարշափնթի կերպար» և այսօրինակ բոլոր վիրավորանքների համար՝ պահանջելով հրապարակային ներողություն և փոխհատուցում:

Դատարանի կողմից որպես փոխհատուցում տրամադրված գումարը մինչև վերջին լուման պատրաստվում եմ ուղղել մեր քաղաքի մանկապարտեզներին:

Այսուհետ վիրավորանքի և զրպարտության բոլոր դեպքերով անխտիր դիմելու եմ դատական պաշտպանության՝ փոխհատուցման գումարները դարձյալ ուղղելով բարեգործության:

Որքան շատ լինեն նման դեպքերը, այնքան շատ գումար կուղղվի մեր մանկապարտեզներին, այնպես որ, կարող եք շարունակել նույն ոգով»,– գրել է Գասպարյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ