Տարածաշրջան - Թուրք ազգայնական պատգամավորներն ընդհատել են հայ և լազ պատգամավորների ելույթները

Փետրվարի 21-ին «Մայրենի լեզվի միջազգային օրվա» կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանի հայ և լազ պատգամավորները ելույթ են ունեցել իրենց մայրենի լեզվով:

Ermenihaber.am-ը մանրամասնում է, որ Ստամբուլից ընտրված ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) ծագումով լազ պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուի և Դիարրբեքիրից ընտրված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանի ելույթները քանի որ թուրքերեն չեն եղել, արձանագրություններում պայմանականորեն նշվել են «X» տառով:

Լազ պատգամավորն ազգայնականների առարկություններին պատասխանել է. «Հարգելի պատգամավորներ, լազերեն խոսեցի: Անհետանալու եզրին կանգնած որոշ լեզուներով Ձեզ բարևեցի: Այսօր աշխարհում խոսվող 7000 լեզուների մեծ մասը կամաց-կամաց անհետանում է: Թուրքիայում էլ է այդպես: Ներկայում այստեղ 36 լեզվով են խոսում, սակայն 20-ը աստիճանաբար վերանում է»:

Շարունակելով ելույթը լազ պատգամավորը հայտնել է, որ պետությունը պիտի աջակցի մայրենի լեզուներին:

«Առանց հեռուստատեսության, առանց մուլտֆիլմերի ցուցադրության հնարավոր չէ երեխաներին մայրենին սովորեցնել: Հիմա ցանկության կա լազերեն եթերներ ապահովող հեռուստատեսություն հիմնել: Թուրքիայում 300.000-500.000 լազ է ապրում»,- նկատել է տվել Բեքարօղլուն:

Հայ պատգամավորի ելույթի ժամանակ MHP-ի Մերսինից ընտրված պատգամավոր Բաքի Շիմշեքն ընդհատելով ասել է. «Սա ՄԱ՞Կ-ն է», իսկ MHP-ական Ումիթ Յըլմազը, դիմելով մեջլիսի նախագահին, պահանջել է թարգմանություն՝ հավելելով, որ գուցե Փայլանը վիրավորական բաներ է ասում իրենց:

«Երազում ենք այնպիսի Թուրքիա, որտեղ բոլոր մայրենի լեզուները կապրեն համերաշխության և խաղաղության մեջ: Այս հարցում անհրաժեշտ օրենքի նախագծերն ունենք: Ցանկանում եմ հավատալ, որ բոլոր պատգամավորները կհարգեն բոլոր մայրենի լեզուները և մեր այս խորհրդարանը կձեռնարկի ահրաժեշտ միջոցներ»,-ասել է Փայլանը:

HDP-ական պատգամավոր Գյուլիստան Քըլըչն էլ խորհրդարանական հետազոտություն է պահանջել «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առթիվ:

Քոչյիղիթի խոսքով` Թուրքիայում շուրջ 40 լեզվով են խոսում, սակայն այդ լեզուների զգալի մասը ժխտողական և ասիմիլիացիոն քաղաքականության հետևանքով ոչնչացման սպառնալիքի առջև են կանգնած:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ