Տնտեսություն - Բենզինը թանկացել է. ՏՄՊՊՀ-ում այդ շուկայի լայնածավալ ուսումնասիրություն է ընթանում

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձաժողովի կողմից մայրաքաղաքի մի շարք բենզալցակայաններում իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է բենզինի իրացման գնի փոփոխություն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը:

Նա նշել է, որ, մասնավորապես, 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի գինը 400-ից դարձել է 410 դրամ, պրեմիում տեսակինը՝ 420-ից 430 դրամ:

Ընդհանուր առմամբ գնի բարձրացումը կազմել է 10 դրամ՝ 1 լիտրի հաշվով. «Դեռեւս տարեսկզբից բենզինի շուկայում արձանագրվել էր գնային փոփոխություն՝ նվազման ուղղությամբ: Գնի շարունակական նվազումը կազմել էր 50 դրամ՝ 1 լիտրի հաշվով:

Վերոնշյալ փոփոխությունների պատճառը եւ հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը դեռեւս հունվարից լայնածավալ ուսումնասիրություն է սկսել այս շուկայում, որը դեռեւս ընթացքի մեջ է:

Այն ներառում է ներմուծումից մինչեւ իրացում գնագոյացման ողջ շղթան ինչպես նաեւ շուկայի կառուցվածքի ուսումնասիրությունը: Երեկ արձանագրված գնային բարձրացումը եւս կներառվի եւ կդիտարկվի ընթացիկ ուսումնասիրության շրջանակում»,-նշել է Գ. Սահակյանը:

Հանձնաժողովը մշտապես վերահսկություն է իրականացնում այս շուկայում, ինչը պայմանավորված է խոշոր տնտեսվարողների առկայությամբ: Բենզինի ներկրման եւ իրացման ոլորտում խոշոր ընկերություններ են հանդիսանում «Ֆլեշ» եւ «Սի Փի Էս օիլ քորփորեյշն» ընկերությունները:

Հանձնաժողովը շարունակում է հետեւել վերջիններիս գործունեությանը եւ մրցակցային հնարավոր խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասախան միջոցներ:

Առաջիկայում, բենզինի շուկայի ամբողջական ուսումնասիրության ավարտին արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ