Միջազգային - Մենք ողջունում ենք սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու Հայաստանի քայլը. ՌԴ Դաշնության խորհրդի քարտուղար

Մենք ողջունում ենք սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու Հայաստանի քայլը: Այս մասին փետրվարի 21-ին «Հայ զինծառայողները Սիրիայում. հայացք Մոսկվայից» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամրջի քննարկման ժամանակ ասել է ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Իգոր Մորոզովը:

Մորոզովի խոսքով՝ Հայաստանը կայացրել է ինքնիշխան որոշում Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ, եւ հետագա որոշումները նույնպես պետք է ընդունվեն պետական շահերի հիման վրա։ «Հարկավոր է ճնշում գործադրել սիրիական պետության վերականգնման գործընթացին Հայաստանի մասնակցության քննադատության վրա։ Սիրիացի ժողովուրդը իրավունք ունի հույսը դնել Հայաստանի վրա՝ այն հաշվառմամբ, որ 1915 թվականի ցեղասպանությունից հետո հենց Սիրիան առաջիններից մեկը օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին։ Այս տեսակետից կարելի է պնդել, որ առաքելության ուղարկումն անգամ ուշացած էր»,- նշել է խորհրդարանականը։ Մորոզովն ընդգծել է, որ Սիրիայի եւ Հայաստանի միջեւ 2001 թվականի պայմանագիրը հիմք է ծառայում երկրի վերականգնմանը Հայաստանի մասնակցության համար։

«Համապատասխան իրավական բազան թույլ է տալիս խոսել այն մասին, որ Հայաստանը կարող է մասնակցել մեխանիզմների ստեղծմանը, այդ թվում Սիրիայի հակամարտության կարգավորման»,- պարզաբանեց նա:

«Ռուսաստանն ըստ էության միակ երկիրն է, որը ստանձնել է հումանիտար աղետի (Սիրիայում) վերացման ծանրությունը՝ վերականգնելով 31 հազար շենք եւ ավելի քան 6 հազար տոննա բեռ ուղարկելով: Սիրիական ժողովրդին Հայաստանի օգնությունն այդ իմաստով շատ կարեւոր է՝ հաշվի առնելով, որ վտանգի տակ է հայտնվել նաեւ հայկական սփյուռքը, որի թիվը 2011 թվականի 140 հազարից 2019 թվականին հասել է մոտավորապես 60 հազարի: Այն ինչ արել է Հայաստանը մեծ գործ է՝ինչպես Սփյուռքի, այնպես էլ Սիրիայի ժողովրդի համար»,-  ասաց ՌԴ Դաշնության խորհրդի անդամը:

Նա նշեց, որ որքան շատ լինեն միջազգային ոլորտում Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ շփման կետերը, այնքան շատ կլինեն երկու բարեկամ երկրների զարգացման հնարավորությունները:

«Այդ իմաստով կարեւոր է համագործակցությունը նաեւ Սիրիայում: Ռուսաստանը ականազերծման շատ լուրջ կենտրոն է ստեղծել: Հայ սակրավորները կարող են  ուսուցում անցնել՝ հնարավորություն ստանալով  ավելի լավ հարմարվել տեղական պայմաններին»,- ասաց Իգոր Մորոզովը:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 անձից կազմված հայ մասնագետների խումբը ժամանել է Սիրիա: Խմբում ընդգրկված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ եւ բրիգադներ, որոնք ապահովում են մասնագետների պաշտպանությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ