Միջազգային - Չորս բրիտանացի նախարար Մեյից պահանջել է հետաձգել Brexit-ի ժամկետը

Մեծ Բրիտանիայի կառավարության չորս ազդեցիկ նախարարներ վարչապետ Մեյից պահանջել են հետաձգել Brexit-ի ժամկետը՝ խուսափելու համար ԵՄ-ից երկրի դուրս գալուց՝ առանց եվրոպական գործընկերների հետ համաձայնեցման, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Sun-ին։

Հակառակ պարագայում, թերթի տվյալներով, նախարարները սպառնացել են Մեյին «խռովությամբ» եւ տեղեկացրել, որ եկող շաբաթ խորհրդարանում կքվեարկեն Brexit-ի ժամկետի տեղափոխման օգտին։ The Sun-ի տվյալներով՝ վարչապետին կոչով դիմել են աշխատանքի եւ կենսաթոշակների հարցերի նախարար Էմբեր Ռադը, լորդ կանցլեր եւ արդարադատության նախարար Դեւիդ Գոկը, բիզնեսի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարար Գրեգ Քլարկը եւ Շոտլանդիայի գործերով նախարար Դեւիդ Մանդելը։

Թերթը մեջբերում է նախարարներից մեկի խոսքը. «Վարչապետը կանգնած է ընտրության առջեւ, եւ դա նրան պարզ հասկանալ են տվել։ Կամ օրակարգից հանում է (ԵՄ-ից դուրս գալը) առանց գործարքի եւ երկարացնում 50 հոդվածի ժամկետը»։

Brexit-ի մասին օրենքի լրացումը, որը սպառնում են պաշտպանել նախարարները, առաջարկել են լեյբորիստ պատգամավոր Իվետ Կուպերը եւ նրա պահպանողական գործընկեր Օլիվեր Լեթուինը։ Դրա քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 27-ին Համայնքների պալատում։ Օրենքի ուժ ստանալու համար Կուպերի նախաձեռնությունը պետք է արժանանա բրիտանական խորհրդարանի երկու պալատների հավանությանը։

Եթե դա տեղի ունենա, ապա մարտի 13-ին (եթե այդ ընթացքում ԵՄ-ի հետ գործարքը նախկինի պես արժանանա Համայնքների պալատի հավանությանը) պատգամավորներն իրավունք կստանան քվեարկել, թե արդյոք Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ը՝ առանց գործարքի (նման տարբերակը հազիվ թե արժանանա օրենսդիրների հավանությանը), ինչպես նաեւ՝ արդյոք անհրաժեշտ է տեղափոխել Brexit-ի ժամկետը։ Ընդ որում՝ նոր ժամկետը կորոշի Մեյի կաբինետը, մինչդեռ օրինագծի նախորդ տարբերակում խոսքը ինն ամսով ժամկետի տեղափոխման մասին էր։

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Կուպերը, նրա առաջարկության նպատակն այն իրավիճակը թույլ չտալն էր, որի պարագայում Brexit-ի մասին վերջնական որոշումը կընդունվի ոչ պակաս, քան երկու շաբաթում՝ մինչեւ մարտի 29-ը, երբ երկիրը պետք է պաշտոնապես հեռանա ԵՄ-ից։ Լեյբորիստները զգուշանում են, որ, ձգձգելով բանակցությունները եւ սպասելով զիջումների կամ Բրյուսելից, կամ Համայնքների պալատից, Մեյի կաբինետը, ինքն էլ դա չցանկանալով, վերջնարդյունքում կհրահրի Brexit-ն առանց գործարքի, ինչը հղի է բացասական հետեւանքներով բրիտանական տնտեսության համար։ Ինչպես նշում է The Guardian թերթը, լեյբորիստների նախաձեռնությունը պատրաստ են պաշտպանել պահպանողականները, որոնք դեմ են Brexit-ին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ