Հասարակություն - Կառավարությունը թույլ տվեց մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով մեքենաները ներմուծել մինչև մայիսի 1-ը

Կառավարությունն այսօր՝ փետրվարի 21-ին, իր նիստում ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացնող տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ նախկին նիստից հետո վարչապետի դիտարկումներից հետո ճշգրտումներ արվել են, եւ նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչեւ 2019 թվականի ապրիլի 1-ը:

Վարչապետն արձագանքեց, որ այս խմբաքանակի ներմուծումից հետո աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման հարցին էլ չեն անդրադառնալու: «Պայմանը մեկն է, որ այս թեմային այլեւս երբեք չենք անդրադառնալու»,- ասաց նա:

Հակոբ Արշակյանը հավելյալ ճշգրտեց, որ սա վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այս տարի գնված մեքենաները չեն կարողանալու ներմուծվել: Նա նաեւ նշեց, որ պատուհան են սահմանել մինչեւ ապրիլի մեկը ներմուծելու համար:

Վարչապետը ապրիլի մեկի հետ կապված դիտարկումներ ներկայացրեց, եւ առաջարկեց այդ ամսաթիվը դարձնել մայիսի մեկը: «Մայիսի մեկը ռեալ կլիներ»,- ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ իզուր կոռուպցիոն ռիսկ ենք գեներացնում այն դեպքում, որ պետք է փաստաթղթով հիմնավորվի, որ գնվել է մինչեւ դեկտեմբերի 31-ը, եւ առաջարկեց եզրույթ սահմանել, որ նախագիծը վերաբերի այն մեքենաներին, որոնք ներմուծվել են:

Հակոբ Արշակյանը նշեց, որ մեքենան Ճապոնիայից ներմուծելու համար երկու ամիս պետք է , եթե նույնիսկ փաստաթղթերը կեղծվեն, ինչը նա չի կարծում, որ կկեղծվի, բերելու դեպքում չեն հասցնի, քանի որ մեքենան մայիսի մեկից հետո է գալու, եւ չեն կարողանալու ներմուծել:

Վարչապետը կիսակատակ նկատեց, որ կոռումպացված չինովնիկների համար սա կարող են համարել խայծ, թակարդ: «Կոռումպացված չինովնիկնե՛ր, մինչեւ մայիսի մեկը կոչ ենք անում ակտիվ լինել»,- ասաց նա:

Այսպիսով, որոշում կայացվեց ներմուծման ամսաթիվը դարձնել մայիսի մեկը, եւ որոշումն ընդունվեց:

Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստին վարչապետի առաջարկով այս նախագիծը հանվել էր օրակարգից, քանի որ պարզվել էր, որ խոսքը ոչ թե պայմանավորվածության պահին մաքսային տարածքներում կուտակված 450 մեքենաների մասին է, այլ այդ թիվը հասել է 850-ի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ