Քաղաքական - Արցախի եւ Հարավային Օսիայի ԱԳՆ-ների միջեւ hամագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Փետրվարի 18-ին Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոեւի հրավերով, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել է Հարավային Օսիա:

Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության եւ Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, արտաքին գործերի նախարարների կամ այլ մակարդակով կանոնավոր կերպով խորհրդատվություններ եւ բանակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային, տարածաշրջանային եւ երկկողմ հարցերի շուրջ:

Համաձայնագրով նախատեսվում է նաեւ համատեղ միջոցառումների եւ ծրագրերի իրականացում՝ փորձի փոխանակման, աշխատանքային կապերի հաստատման եւ ամրապնդման, տարատեսակ փորձուսուցումների կազմակերպման ոլորտներում, դիվանագիտական կադրերի նախապատրաստման համար հնարավորությունների փոխադարձ օգտագործման նպատակով պայմաններ ստեղծելու հարցում։

Այցի շրջանակներում տեղի է ունեցել Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի եւ Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոեւի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ ստորագրված Համաձայնագրի շրջանակներում համագործակցության եւ երկկողմ կապերի ամրապնդման ուղիները, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ