Տնտեսություն - Լրացուցիչ ֆինանսական բեռ՝ պետբյուջեի վրա. ՊԵԿ-ը վերանայել է նոր սերնդի ՀԴՄ–ների վերաբերյալ որոշումը

2019 թ. հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ–ների կիրառման վերաբերյալ որոշումը ՊԵԿ–ը մի քանի անգամ պաշտոնապես մեկնաբանել է, սակայն այնուամենայնիվ հարկ վճարողների շրջանում որոշումը տարընկալումների տեղիք է տալիս։

Այսպես. 2018թ. դեկտեմբերի 28–ին տարածված 1–ին հայտարարության մեջ ասվում էր, որ 2019թ. հունվարի 1–ից կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար նոր ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր է։ Հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին էր սահմանվել 160000 դրամը: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հավաստիացրել էր, որ դրանք տրամադրում են գրեթե ինքնարժեքով։

2019թ. փետրվարի 5–ին ՊԵԿ–ը 2–րդ հայտարարությունը տարածեց նշելով, որ կառավարությունում բազմիցս տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման համար պետք է սահմանվի ավելի մատչելի գին: Ուստի, ս.թ. փետրվարի 5-ի ՊԵԿ նախագահի թիվ 67-Ա հրամանով հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գինը սահմանվել է 60000 դրամ: ՊԵԿ–ից NEWS.am–ին պարզաբանել էին, որ որոշ տնտեսվարողների համար ՀԴՄ–ների արժեքի 100 հազար դրամը վճարելու է պետությունը. խոսքը շուրջ 25 հազար տնտեսվարողների մասին էր։

2019թ. փետրվարի 6–ի հայտարարությունում ՊԵԿ–ը նշում է, որ 60.000 դրամ իրացման գինը վերաբերվում է այն կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին , որոնց համար ՀԴՄ–ների կիրառումը պարտադիր է 2019 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ նոր բացվողներին չէր վերաբերում։ Այս հայտարարությունից հետո NEWS.am–ը ահազանգեր էր ստացել, որ հարկ վճարողներ 60.000 դրամով հսկիչ-դրամարկղային մեքենա ձեռք բերելու նպատակով դիմումներ են ներկայացրել «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին, սակայն պարզվել է, որ նոր բացված կազմակերպությունները չեն կարող մատչելի գնով ՀԴՄ-ներ ձեռք բերել։

Իսկ արդեն 2019 թվականի փետրվարի 13-ի պարզաբանման համաձայն՝ այդ սուբսիդիայից կարող են օգտվել նաև 2019 թ. հունվարի 1-ից հետո բանցված տնտեսվարողները, որոնք աշխատելու են շրջանառության հարկով կամ միայն արտոնագրով, կամ հանդիսանալու են ընտանեկան ձեռնարկատիրության և ինքնազբաղված տնտեսվարող սուբյեկտ: Այսպիսով՝ փաստացի որոշման մեկնաբանությունը փոխվել է: Իրավիճակը հստակեցնելու համար NEWS.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի հետ։

Ըստ նրա՝ ՊԵԿ-ը վերանայել է իր նախկին որոշման մեկնաբանությունը, և ներկայումս նոր սերնդի ՀԴՄ-ները կարող են ձեռբերել 60 000 ՀՀ դրամով նաև 2019 թվականի հունվար 1-ից հետո բացված տնտեսվարողները, որոնք աշխատելու են շրջանառության հարկով կամ միայն արտոնագրով, կամ հանդիսանալու են ընտանեկան ձեռնարկատիրության և ինքնազբաղված տնտեսվարող սուբյեկտ: «Սա լրացուցիչ ֆինանսական բեռ է պետական բյուջեի՝ ՀՀ հարկատուների համար: Այսպիսով՝ 160 000 ՀՀ դրամով նոր սերնդի ՀԴՄ-ներ վաճառվելու է միայն խոշոր տնտեսվարողներին: Անշուշտ, ողջունելի է ՀՀ կառավարության արձագանքը հանրային պահանջին: Այնուամենայնիվ, շփոթություններից խուսափելու համար, կարծում եմ՝ ընդունված որոշումների ճիշտ մեկնաբանումը և իրազեկումը կարևոր նշանակություն ունի գործարար միջավայրի կայացման գործում»,–ասաց նա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ