Քաղաքական - Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ։

Զրուցակիցները խոսել են առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։


Բիսլին նշել է, որ աշխարհում հակամարտությունների ու պատերազմների հետևանքով աճում է քաղցի հետևանքով մահացողների թիվը։

«Հայաստանի նախագահն այն գործիչներից է, ով մտածում է ոչ միայն իր երկրի ժողովրդի մասին, այլև հետաքրքրված է, թե ինչ դերակատարում կարող է ունենալ Հայաստանը հակամարտությունների ու դրանց հետևանքով առաջացած քաղցի հարցի հաղթահարման գործում։ Սրանք մեզ համար կարևոր հարցեր են, ուստի Հայաստանը կարող է կարևոր գործընկեր լինել մեզ համար»,- նշել է Բիսլին։ Նա ընդգծել է, որ իրենք ակնկալում են Հայաստանի հետ գործակցության ոլորտում անել ավելին, քան արվում է այսօր։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է Պարենային համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը ոչ միայն նրանց գաղափարներից, նոու հաուից, կառավարման համակարգերից, նրանց գնահատականներից օգտնվելու տեսանկյունից։

«Կազմակերպությունն ուղղակի ճանապարհ է, դարպաս, դուռ դեպի արտաքին աշխարհ, որը հսկայական քանակությամբ սննդի և ջրային արտադրանքի կարիք ունի։Կարծում եմ՝ Հայաստանը, զարգացնելով իր գյուղատնտեսությունը և սննդի արդյունաբերությունը, պետք է մտածի ոչ միայն իր մասին, այլև քայլեր ձեռնարկի արտահանման ուղղությամբ։ Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը երկկողմ շահավետ կարող է լինել։ Այն կարող է մեզ աջակցել, որպեսզի մեր ներքին խնդիրները լուծենք, ավելի օգտակար, բարձրորակ սննդով ապահովենք քաղաքների ու գյուղերի մեր բնակչությանը, միաժամանակ զարգացնենք մեր գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը, լոկալից դառնանք միջազգային և դրանով լինենք ավելի ամուր, հաջող և հարուստ»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ