Հասարակություն - Եկեք գնանք-քայլենք՝ այս այգին չեմ տեսել. Փաշինյանը ՝ լրագրողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքապետ Հայկ Մարությանը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկա գտնվեցին «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցի բացմանը կենտրոն համայնքում:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ զբոսաշրջությունը Հայաստանում հանդիսանում է տնտեսության առաջատար ճյուղերից մեկը:

«2018 թվականին մոտ 1.600.000 այցելու է եկել Հայաստան, այդ թվաքանակը շարունակելու է աճել: Ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին զբոսաշրջիկների տարեկան աճն առնվազն 7-8 տոկոս պետք է կազմի: Հյուրանոցային համալիրի բացումն ուրախալի է այն տեսանկյունից, որ թիրախավորում է այն հաճախորդներին, որոնք Հայաստան այցելելու են ոչ թե՝ այն զբոսաշրջային վայր տեսնելու, այլև՝ իրենց բիզնես նախաձեռնությունն իրագործելու նպատակով»,- նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Հյուրանոցի հիմնադիր ղեկավար Ղուկաս Գրիգորյանն էլ նկատեց.

«Այս ներդրումն արել եմ՝ նպատակ ունենալով իմ երեխաներին կապել իրենց հայրենի հողին: Պատրաստ ենք անել մեր երկրորդ քայլը և ունենք արդեն պլանը, որը կքննարկենք նախարարի հետ: Մենք սիրում ենք մեր Հայաստանը և կանենք այն ամենը, ինչը մեզնից է կախված: Ուրախ եմ, որ նոր Հայաստանի առաջին նախագծերն արվում են մեր կողմից»:

Նիկոլ Փաշինյանը ելույթ չունեցավ, խուսափեց նաև լրագրողների հարցերին պատասխանել, բայց հրավիրեց զբոսնել Միսաք Մանուշյանի անվան պուրակում (նախկինում՝ Մաշտոցի անվան):

– Եկեք գնանք-քայլենք՝ այս այգին չեմ տեսել,- լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ