Քաղաքական - Ով փորձի մեզ խաբել, իմ աչքի գրողն է, ով ուզում է լինի. Փաշինյան

Խորհրդարանն այսօր շարունակում է կառավարության ծրագրի քննարկումը: Պատգամավորները շարունակել են հարցեր ուղղել:

«Եթե մենք այս հարցերի քննարկման ընթացքում 100 տոկոսանոց ազնիվ և անկեղծ չլինենք, մենք ոչ մի հաջողության չենք հասնի: Դուք ասում եք` հանդիպել եմ Թուրքիայից ապրանք ներկրողների ներկայացուցիչների հետ, որոնք եկել են, բողոքում են, որ ոչ առևտրային նպատակով բերվող ապրանքների սահմանփակումներ կան, ու նրանք 600 հոգի շահառուներ են: Բայց մենք պետք է շարունակենք իրար երեսի նայել ու իրար խաբե՞լ, չի կարելի էդպես, կներեք: Ես նկատի ունեմ ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրելու շահառուն Հայաստանի բոլոր բնակիչներն են: Դա վերաբերում է նրան, որ ես ուրիշ գործով գնացել եմ Թուրքիա կամ Վրաստան, խանութից բան եմ գնել հորքուրիս, մորքուրիս համար, բերել եմ: Եթե ես պարբերաբար գնում եմ, պարբերաբար ուրիշ գործերով և պարբերաբար ապրանք եմ բերում, դա արդեն, կներեք, չի լինի ըտենց», - նիստի ժամանակ ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ եթե նախկինում կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա, հիմա արտոնյալներն ուրիշ տեղում են: Սահմանին կանգնեցնում են բեռնատարը, դատարկում և 50-50 կիլոգրամով ներս մտցնում:

«Ո՛չ և ո՛չ, չի լինելու այդպիսի բան: Չեն լինելու այդպիսի անսկզբունք կոմպրոմիսներ, որ եթե փորձելու են կառավարությանն ասել՝ վայ, ցույց ենք անելու ձեր դեմ, մեզ համար էս արեք, էն արեք: Ցույց արեք, երբ որ կհասնեք էն քանակների, որ մենք կհասկանանք իրար հետ գործ չունենք անելու, ցտեսություն կասենք, շնորհակալություն, կգաք ձեր գործին, բայց մենք չենք համաձայնվելու, որ իրար երեսի նայենք, իրար ֆռռցնենք, ով ավելի շուստրի է, կառավարությանը ստիպում է, որ որոշում կայացնի: Չի լինելու որոշում՝ բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք: Չկա ուրիշ տարբերակ և չի լինելու ուրիշ տարբերչակ ոչ մեկի համար՝ օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի: էս ի՞նչ բան է՝ խաբեությունը, սուտը դարձել է հասարակական հարաբերությունների հիմնական օղակ: Չի՛ լինելու, ես ոչ մեկին թույլ չեմ տալու ինձ հետ ստի լեզվով հարաբերվել՝ հարազատ կլինի, մերձավոր կլինի, թիմակից կլինի, ընդդիմադիր կլինի, ստի վերջը եկել է», – ասել է Փաշինյանը:

Աժ փոխխոսնակը հիշեցրել է, որ դժգոհություններ ունեն նաև փողոցային առևտրով զբաղվողները, նա հետաքրքրվել է, թե ի՞նչ է առաջարկվում այդ մարդկանց: Նրանց թիվն էլ ավելի քան 1000 է:

«Ասում են՝ բա մենք սրա համար էի՞նք հեղափոխություն արել, իհարկե, մենք հեղափոխություն ենք արել, որ Երևանի քաղաքի կենտրոնը սարքենք Ստամբուլի բազար, բա բոլորս դրա համար ենք արել, որ Մաշտոցի պողոտան դառնա արևելյան բազար», – զայրացած ասել է Փաշինյանը՝ ներողություն խնդրելով ԱԺ նախագահից ու փոխխոսնակներից՝ բղավելու համար: Դահլիճում ծիծաղել են:

Աժ փոխխոսնակը հակադարձել է, որ պետք է այլընտրանք, այլ ճանապարհ առաջարկել, նոր սահմանափակումներ դնել, բացի այդ, կառավարության անդամաները պետք է քայլեր անելուց առաջ դա քննարկեն շահառուների հետ:

«Դրա համար նախ եկեք սկսենք ճշմարտությունը վերականգնելուց՝ ասենք, որ դա առևտրային նպատակով ապրանքների մասին է, այդ դեպքում ամեն բան իր տեղը կընկնի: Մեր կառավարությունն իր կամքը ցույց է տվել, և դա չարաշահվել է: Բայց հիմա ԵԱՏՄ տարածք է, ասում եմ, որ էդ մարդիկ խոստովանեն, որ իրենք բիզնես են անում՝ եկեք նստենք, խոսենք: Իհարկե, պատրաստ ենք քննարկել, շատ է հարկը` ապացուցեն, որ շատ է` ձեռնտու չի: Հարկային պրոբլեմ է առաջացել, որովհետև էդտեղ կոռուպցիոն սխեմա է առաջացել: Մենք հիմա Հարկային օրենսգրքի քննարկումներում ենք և հրավիրում ենք մեր քաղաքացիներին, ասում ենք ՝ եկեք քննարկենք, բայց մի՛ խաբեք մեզ: Ով որ փորձի մեզ խաբել, իմ աչքի գրողն է, ով ուզում է լինի», – հավելել է Փաշինյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ