Քաղաքական - Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը. ՀՀ վարչապետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը փետրվարի 13-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք անհրաժեշտություն չեն տեսնում նախկին իշխանությունների օրոք ապօրինի հարստացման միջոցով ձեռք բերված ռեսուրսները պետականացնելու, բաժնետոմսերից ստացված եկամուտները դեպի բնակշինություն ուղղորդելու:

Փաշինյանն ասաց, որ այդ պրոցեսն այսօր արդեն տեղի է ունենում, բանակի կարիքների համար շատ դեպքերում մեխանիզմներ են գտնում, որ նախկինում կոռուպցիոն ճանապարհներով ձեռք բերված գումարները վերադարձվեն ու ծառայեցվեն այդ նպատակներին: Նրա խոսքով՝ որոշ դեպքերում դրանք կարող են արտահայտված չլինել պետբյուջեի մուտքերում, քանի որ ինչ-ինչ նպատակներով կարող են այլ եղանակով օգտագործվել, ենթադրենք, գնում պետք է իրականացվի բանակի կարիքների համար, գումարն ուղիղ գնում է այդտեղ:

Վարչապետն ասաց, որ այս պրոցեսի ծավալներով անձամբ ինքը բավարարված չէ, կարծում է՝ մեր իրավապահ մարմինները, ԱԱԾ-ն ու ոստիկանությունն այս թեմայով պետք է առավել ակտիվ աշխատեն ու մեծ արդյունքներ ցույց տան, քանի որ հոկտեմբերից քաղաքական պրոցեսների արդյունքում անձամբ ինքը մի փոքր այդ թեմայից շեղվել է, և դա որոշակի լճացման տեղիք է տվել:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ կա հարց նաև ընդհանրապես երկրից ու ժողովրդից գողացված գումարների վերադարձի գործընթացի հետ կապված: Նա տեղեկացրեց՝ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը:

«Այս անվանումը կարող է տարօրինակ թվալ, բայց մենք ունենք հիմնավորում, որ ՄԻԵԴ դիրքորոշումներում սա համարվում է նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում: Սա չի համարվում Մարդու իրավունքների սահմանափակում, այն անցումային արդարադատության էլեմենտ է, դրա արդյունքում հնարավոր չէ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկել, բայց կա որոշակի մեխանիզմ, որ մարդ իր գույքի ծագումը պետք է բացատրի: Այս դեպքում գործում է «մեղավորության» կանխավարկածը, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այն համարվում է ապօրինի»,- ասաց նա:


Փաշինյանը հայտնեց, որ այժմ սկսում են ոմանք տարբեր տեղապտույտներ ձևավորել, որ գործն առաջ չգնա, բայց չի ստացվի, գործն առաջ կգնա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ