Քաղաքական - ՀԴՄ չխփելու պատճառ միշտ կգտնվի. Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց Հայաստանի բնակիչների անվտանգությանը վերաբերող հարցով:


«Այս հարցը ես բարձրացրել եմ Լենինի, Ստալինի ժամանակ»,- ասաց նա:

Փաշինյանն արձագանքեց.

«Շատ լավ տեսք ունեք, ասեմ ձեզ»:

Գրիգորյանն ասաց, որ իրեն հուզում է շենքերի սեյսմիկ անվտանգությանը, մասնավորապես՝ Սիսիանում վթարային շենքերում ապրող բնակիչների անվտանգությունը, ապա հետաքրքրվեց՝ հետհեղափոխական Հայաստանում այս հարցը երբ լուծում կստանա:

Վարչապետն ասաց, որ իրենք քննարկում են, այդ թվում միջազգային դոնորների հետ, թե ինչպես կգույքագրեն խնդիրը ու առաջիկայում կկարգավորեն հարցը: Նա նշեց՝ մեր երկրի պաշտոնական պետական եկամուտներն այդպիսին չեն, որ մինիմալ՝ առօրյա ծախսերը հոգալով հանդերձ լուծեն նաև կապիտալ խնդիրները:

«Օրինակ` հարկային օրենսգրքի փոփոխություններից հետո Սիսիանում քանի՞ խանութ է լինելու, որ ՀԴՄ խփելու է կամ չի խփելու, եթե խանութները ՀԴՄ կխփեն, բոլոր քաղաքացիները կպահանջեն, մենք այդ խնդիրը կլուծենք, եթե ոչ՝ ոչ: Մենք ունենք իրականացվող ծրագրեր, որոնք այս տեմպերով որ իրականացնենք, 20 տարի կտևի»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ Սիսիանում վթարային շենքերի, ճանապարհների, էլեկտրականության, դպրոցների վիճակը կախված է նրանից՝ ՀԴՄ չխփող խանութ կա՞, թե՞ չկա: Նրա խոսքով՝ եթե լինի, այդ խնդիրը երկար ժամանակ չի լուծվի: Փաշինյանն ընդգծեց՝ մեկնարկային կետ է համարվելու հարկային փոփոխությունների ընդունումը:

Սրբուհի Գրիգորյանը շեշտեց՝ ոչ միայն Սիսիանում կան խանութներ, որ ՀԴՄ չեն խփում, ապա պատմեց, որ իրեն Երևանում մի բնակիչ է մոտեցել և ասել՝ «ինչո՞ւ պիտի ՀԴՄ պահանջեմ, վատամարդ դառնամ, որ հետո ՊԵԿ-ը իր քարտուղարուհուն պարգևատրի՞»: Պատգամավորն ընդգծեց՝ քաղաքացին պետք է հասկանա՝ այդ հարկը ուր է գնում՝ ճանապարհի կառուցմանը, շենքերի ամրացմանը:

Փաշինյանն ասաց, որ պարգևատրման ֆոնդը կիսով չափ կրճատվել է:


«Այդ ասողն ի՞նչ է առաջարկում, մենք աշխատավարձերը այնքան իջեցնենք, որ ՊԵԿ-ի աշխատողը օրը հինգ անգամ մտնի, իրեն տուգանի՞, ամեն ամիս «նալոգ» դնի՞ իր վրա, որ թողնի աշխատի. այս բաները պարզ են: Իհարկե, մտահոգիչ գնահատականներ են, բայց այդ տրամաբանությամբ եթե գնանք, ՀԴՄ չխփելու պատճառ միշտ կգտնվի: Խնդրո´ւմ եմ, աշխատողին ասեք՝ թող ՀԴՄ-ն խփի»,- ասաց նա:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ