Քաղաքական - Երբեմն ինձ համար գրված տեքստից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը․ Փաշինյան

Հայաստանում պաշտոնյաների 10 տոկոսը նորերն են, 90 տոկոսը՝ հները։ Բայց նորերը կարող են հների մեթոդներն ընդունել, իսկ հները՝ նորերի։ Այս տեսանկյունից կարևոր է զսպումների և հակակշիռների համակարգը։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ հներն ու նորերը փոխազդում են, և քանի որ ունեն պաշտոնյա լինելու ուրույն պատկերացումներ, փորձում են իրենց պատկերացումները հրամցնել նաև մյուսներին։ Կարողացե՞լ է համակարգը փոխել նոր պաշտոնյաներին, թե՞ նրանք են փոխում համակարգը։ Այս հարցը, ըստ Փաշինյանի, ունի միանշանակ, բայց հակասական պատասխան՝ և՛ այն, և՛ այն։

Նա բացատրեց օրինակով, որ մինչ վարչապետ դառնալը մշտապես ինքնուրույն է գրել իր ելույթների տեքստերը, բայց վարչապետությունը ստանձնելուց հետո միշտ չէ, որ հասցրել է զբաղվել դրանով, ու երբեմն նրա փոխարեն գրել են այդ տեքստերը։

«Եվ երբեմն ինձ բերում են տեքստեր, ես այդ տեքստերը կարդում եմ, և այդ տեքստի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը։ Ու ես զարմանում եմ, ասում եմ՝ լավ, էս մարդիկ, որ էս տեքստը գրել են, իրանք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններ չեն նկատե՞լ, տեղյակ չե՞ն՝ երկրում ինչ է կատարվել։ Այսինքն` էդ տեքստը, որ եթե Սերժ Սարգսյանը հիմա լիներ վարչապետ և գնար էդ միջոցառմանը և կարդար, էդ նույն տեքստն էր կարդալու», – ասաց Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ սա բնութագրում է ոչ թե որպես լավ կամ վատ երևույթ, այլ ուզում է նկարագրել իրականությունը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ