Տարածաշրջան - Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում դաժանորեն սպանված լրագրող Խաշոգջիի հարսնացուն գիրք է գրել նրա մասին

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացուն՝ Խաթիջե Ջենգիզը, գիրք է գրել, որում պատմում է իր սիրելիի կյանքի, աշխատանքի և ողբերգական մահվան մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:


Գրքի շնորհանդեսը կայացել է Ստամբուլում: «Ջամալ Խաշոգջի. Նրա կյանքը, պայքարն ու գաղտնիքները» վերնագրով գրքի հիմքում ընկած են Ջենգիզի հարցազրույցները, նրա անձնական օրագրի գրառումները, լրագրողի սպանության գործի մանրամասները, արխիվային լուսանկարներ: 228 էջանոց աշխատանքը հասանելի է անգլերեն, թուրքերեն ու արաբերեն: Որպես համահեղինակներ են հանդես եկել թուրք լրագրողներ Մեհմեթ Աքիֆ Էրսոյն ու Սինան Օնուսը:


Գրքի շնորհանդեսին ելույթ ունենալով՝ Ջենգիզն ասել է, որ չի հանգստանա, մինչև իր փեսացուի սպանության գործում մեղավորները չկրեն արժանի պատիժ: Մասնավորապես՝ նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփոխի սկանդալային գործի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ հավելելով, որ պատրաստվում է մարտին Վաշինգտոն այցելել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ