Հասարակություն - Գարեգին Բ–ն այցելել է Մելբուռնի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի

Փետրվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի և իր շքախմբի, Սիդնեյից մեկնել է Ավստրալիայի հայաշատ երկրորդ քաղաք` Մելբուռն, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Փետրվարի 9-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Մելբուռնի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեծ խանդավառությամբ դիմավորել են այս օրհնյալ առիթով եկեղեցում համախմբված Մելբուռնի հայ համայնքի ներկայացուցիչներ` առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի և եկեղեցու ծխական խորհրդի:

Աղ ու հացի արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը, օրհնելով ժողովրդին, թափորով, «Հրաշափառի» ներքո առաջնորդվել է եկեղեցի, ուր կատարվել է համատեղ աղոթք:
Այնուհետև ներկա հավատավոր ժողովրդի անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ և, մասնավորաբար, Մելբուռն ողջունել է Հայկազուն Սրբազանը` ընդգծելով Հայոց Հոր այցերի կարևոր նշանակությունը հայ համայնքի համար և հրավիրելով Նորին Սրբությանն իր օրհնությունն ու պատգամը բերելու բարեպաշտ ժողովրդին:

Դիմելով հավատավոր հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնել է, որ Աստծո կամոք վերստին այցելել է նրանց՝ բերելու իր հայրական սերը, հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունները: Հայոց Հայրապետը հաստատել է, որ ուրախության նույն զգացումով օրեր առաջ հանդիպել է Սիդնեյում բնակվող հայորդիներին, նրանց հետ միասնաբար աղոթել եկեղեցու խնկաբույր հարկի ներքո, այցելել կրթական և բարեսիրական հաստատություններ, հանդիպումներ ունեցել երիտասարդների, տարեցների, ազգային կառույցների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հաղորդ դարձել ավստրալահայ համայնքում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին:

 

Նորին Սրբությունը նշել է, որ Ավստրալիայում թեմական ու ծխական կյանքի աշխուժությունը, հոգևոր-եկեղեցական անդաստանի բարեզարդությունը Աստծուց օրհնյալ պտուղներն են Ավստրալիայում բնակվող մեր ժողովրդի զավակների աստվածսիրության ու ազգանվեր կյանքի:

Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել նաև թեմական խորհրդին և բոլոր այն նվիրյալ անձանց, ովքեր միասնաբար ու նվիրումով աշխատանք են տարել հովվապետական այցելությունը Ավստրալիա ու հավատավոր հայորդիների հետ հանդիպումը կազմակերպելու համար:

Վերջում առ Աստված աղոթքով Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ միշտ պայծառ ու շեն լինի Ավստրալիայի հայ համայնքը, առատանա նորանոր ձեռքբերումներով, եկեղեցաշեն ու ազգանպաստ հաջողություններով և աստվածային օրհնություններն ու երկնահեղ բարիքներն անպակաս լինեն հայորդիներից և նրանց ընտանիքներից:

Հայրապետական «Պահպանիչ» աղոթքից հետո ժողովուրդը հնարավորություն է ստացել համբուրելու Վեհափառ Հոր Աջը և նրանից ստանալու նվեր խաչիկներ իբրև օրհնություն Ս. Էջմիածնի:

«Հրաշափառի» արարողության ավարտին, եկեղեցու կից սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել «Ակինյան» և Համազգայինի «Մեսրոպ Մաշտոց» մեկօրյա վարժարանների աշակերտների հետ:

Երկու կրթօջախների տնօրենների բարիգալստյան ջերմ խոսքերից հետո աշակերտները հանդես են եկան փոքրիկ գեղարվեստական հայտագրով:

Այնուհետև մանուկներին իր հայրական օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` պատգամելով լինել մեր սուրբ նախնյաց արժանավոր ժառանգները, իրենց բարեջան և ուշիմ ուսումնառությամբ դառնալ ազգի նվիրյալ զավակներ` կերտելու հայոց բարօր ու պայծառ կյանքը:

Նորին Սրբությունը նաև իր օրհնությունն է բերել վարժարանների տնօրեն կազմին և մանկավարժներին` բարձրորեն գնահատելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում իրենց կողմից ներդրվող անդուլ ջանքերը, հանձնառությունն և նվիրումը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ