Հասարակություն - Հայկ Մարությանն ընդունել է Երևանի բնակիչներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Քաղաքապետը ծանոթացել է բնակիչներին հուզող խնդիրներին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։

«Բնակիչներն ընդունելության էին եկել տարբեր խնդիրներով: Բարձրացված հարցերի մի մասին քաղաքապետի կողմից տեղում տրվել են պատասխաններ, համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ: Առևտրային տաղավարների և կրպակների հարցում մոտեցումը հետևյալն է. նոր տաղավարներ չեն տեղադրվելու մայրաքաղաքում, իսկ անօրինաբար տեղադրված կրպակներն ու տաղավարներն ապամոնտաժվելու են: Կա հստակ վերաբերմունք նաև ինքնակամ շինությունների հարցում: Հայկ Մարությանը վերահաստատել է դիրքորոշումը. ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն այլևս չի լինելու:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության մասնակիցներին առաջարկների ու դիտարկումների համար՝ քաղաքապետ Մարությանը մեկ անգամ ևս տեղեկացրել է, որ Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնելու ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Կձևավորվի առցանց հարթակ, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց առաջարկները, միաժամանակ դրանք մատչելի կլինեն բոլորին և հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները»,– ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ