Տնտեսություն - Կառավարության այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը. Փաշինյան

Կառավարության այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ դեռեւս երկու օր առաջ ծրագիրը հրապարակվել է եւ եղել են որոշակի արձագանքներ. «Մենք նաեւ կառավարությունում այդ արձագանքների քննարկում նախաձեռնեցինք աշխատաքային կարգով եւ այդ քննարկումը մեզ օգնեց եւս մեկ անգամ արձանագրել, ու այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Իհարկե, ԱԺ-ում ես այդ մասին առավել մանրամասն կխոսեմ: Բայց մեր հայեցակարգային մոտեցման համար անկյունաքարային նշանակություն ունի հետեւյալը, որ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը, եւ այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին եղել է ՀՀ-ում թավշյա հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը: Եվ դա հնարավորություններ ստեղծելն է»:

Փաշինյանը նշեց, որ կառավարությունը իրեն համարում է այս գործընթացի կազմակերպիչը, որի հիմնական առաքելությունն է ստեղծել հնարավորություններ եւ մարդկանց, ՀՀ քաղաքացիներին քաջալերել, որ օգտվեն այդ հնարավորություններից. «Այդ հնարավորությունները պետք է լինեն ոչ թե դեկլարատիվ, այլ մարդիկ կարողանան դա տեսնել, շոշափել, իրենց ձեռքում ունենալ այն եւ կիրառել»:

Նշենք, որ կառավարությունը հավանություն տվեց ծրագրին եւ ուղարկեց Ազգային ժողով:

Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության` այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելու վերջնաժամկետն է, եւ այն պետք է արդեն ուղարկվի խորհրդարան, որից 24 ժամ հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կհայտարարի առաջին նստաշրջանի շարունակման օրը` քննարկման առարկա դարձնելով այդ փաստաթուղթը։

Թեեւ փետրվարի 6-ին կառավարության ծրագրի նախագիծը հրապարակվել էր, սակայն կառավարության նախորդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր մինչեւ վերջին օրը սպասել, շանսը օգտագործել եւ խմբագրական աշխատանքներ կատարել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ