Քաղաքական - Կաթողիկոսն այցելել է ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան և «Ալեքսանդր» տարեցների տուն

Ավստրալիայում հովվապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 6-ին այցելեց ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան` ուղեկցությամբ իր շքախմբի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի և թեմի եկեղեցականների:

Վարժարանի առջև Նորին Սրբությանը դիմավորեցին կրթօջախի հիսուն սաները, ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ատենապետ տիար Միհրան Լեփեճյանը, հոգաբարձական կազմը:

Անդրադառնալով աշակերտների տպավորիչ ելույթներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ճշմարիտ հայրենասիրությունն այն աշխատանքն է, որ այսօր տարվում է համայնքի մանուկների հետ, որի շնորհիվ նրանք հասակ են առնում հայաշունչ, հայրենասեր, ազգասեր, ազգին պատիվ բերող հայորդիներ, ազգի կյանքը դեպի հավերժություն տանող ազգի զավակներ:

Այցի առիթով Վեհափառ Հայրապետը նվերներ փոխանցեց վարժարանին և տնօրենությանը, իսկ մանուկներին ընծայեց Սուրբ Էջմիածնի խաչեր:

Նույն օրը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց
«Ալեքսանդր» հայկական հանգստյան տուն: Աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը զրուցեց հայորդիների հետ, բարձր գնահատեց խնամակալ խորհրդի հոգատար աշխատանքը, ձեռքբերումները և աստվածահաճո գործունեությունը:

Ի հիշատակ իր այցելության` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանգստյան տանը նվիրեց Տիրոջ Վերջին ընթրիքի սրբապատկեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ